copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:25 23-02-2021

89 ԿՈՂՄ, 2 ԴԵՄ. ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ԸՆՏՐՎԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ

Վրաստանի խորհրդարանը վստահություն տվեց կառավարության նոր կազմին, և այս պահից սկսած կառավարությունը ստանձնում է իր իրավասությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության կազմին կողմ քվեարկեց «Վրացական երազանքի» 89 պատգամավոր, դեմ քվեարկեցին «Քաղաքացիներ» կուսակցության երկու անդամը, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորները ձեռնպահ մնացին: Այս մասին փոխանցում է «Ալիք Մեսիան»:

Կառավարության կազմը հետևյալն է.

Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,

Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,

Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,

Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,

Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,

Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերինե Տիկարաձե,

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,

Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,

Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին: Ղարիբաշվիլիի խոսքով` կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:

«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: