Ներքին Միտք 45 րոպե առաջ - 19:30 30-10-2026

Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

«Գարուն» ամսագրի 1968-ի 11-րդ համարում (էջ 51-56) «Իսկապես, ի՞նչ է նշանակում լինել քաղքենի...» վերնագրով հոդվածում տաղանդավոր հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը պարզաբանում է տպարանի բանվորներին, թե ինչու է քաղքենին (բուրժուան) իրենց դասակարգային թշնամին։ 1950-1960-ականներին Արևելյան Եվրոպայում ազգային ազատագրական ապստամբություններ էին։Վերջինը Չեխոսլովակիայում էր բռնկվել 1968-ին։ Սովետի պարագլուխները վախեցել էին, որ ապստամբությունների բոցը կհասնի Հայաստան, ու հրապարակախոսին պատվիրել էին կերտել դասակարգային թշնամու կերպար, որ սովետի դեմ ելույթ ունեցողներին այդ անունով որակեն, հեղինակազրկեն, սևացնեն, փչացնեն։ Այդպես «քաղքենի» բառը ստացավ բացասական իմաստ։

Այսօր Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, թե ունի դասակարգային թշնամի։ «Խոսում են ինչ-որ մարդկանց մասին ու ասում, թե սա 50 ձայն ունի, սա՝ 100, սա՝ 200։ ՀՀ-ում ամեն մարդ ունի մի ձայն։ Ով որ մի ձայնից ավելի ունի, ինքն իմ դասակարգային թշնամին ա, էդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական հանձնառությունն ա։ Ով լեզուն կպտտի ու կասի, թե ես 25 ձայն ունեմ, ես էդ մարդու հետևից գնալու եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ովքե՞ր ունեն 25 ձայն, և ինչո՞ւ են նրանք Փաշինյանի դասակարգային թշնամին։

Պրագմատիզմի տեսության հանրայնացնողներից Ուիլյամ Ջեյմսն ասում էր, որ յուրաքանչյուր ոք ընտրություն կատարելիս իրավունք ունի առաջնորդվելու հուզական բնությամբ, եթե ընտրության առարկան բանական քննության ենթարկելու և գիտակցված ընտրություն կատարելու կարողություն չունի։

Հայաստանում ընտրողների մեծ մասը քաղաքական գիտելիք, քաղաքական օրակարգը հասկանալու, հետևապես՝ գիտակցված ընտրություն կատարելու կարողություն չունի։ Եվ մարդիկ առաջնորդվում են հուզական բնությամբ, սիրով, սիմպատիայով, բնազդով։ Մարդկանց մի զգալի մասը հետևում են իրենց համար հեղինակություն համարվող մարդկանց օրինակին, խոսքին, խնդրանքին, հորդորին։ Եվ եթե մարդն ասում է, թե ունի 25 ձայն, նշանակում է՝ նա 25 հոգու համար հեղինակություն է։ Կարող են լինել գիտական հեղինակություններ, քաղաքական հեղինակություններ, հասարակական հեղինակություններ, մշակութային հեղինակություններ, որոնց շուրջ 25 հոգի հեղինակություն են համարում և հետևում են նրա օրինակին, խոսքին։ Ուստի՝ նրանք կարող են ազդել նրանց ընտրության վրա։ Օրինակ՝ եթե հայտնի դերասանը, երգիչը, գիտնականը, ուսուցիչը, մտավորականը, լավ տղան հայտարարեն, որ ընտրելու են այսինչ քաղաքական ուժին, ապա տրամաբանական է, որ նրան հեղինակություն համարողների մի մասը, առանց որևէ հորդորի՝ կընտրի նույնին։

Տվյալ պարագայում կարող է տպավորություն ստեղծվել, թե Փաշինյանը թիրախավորում է միայն թաղային հեղինակություններին, որոնց մեծ մասն իրենց բնակության վայրերում համարվում են լավ տղա։ Բազմաթիվ քաղաքացիներ անտարբեր են ընտրությունների նկատմամբ։ Բազմաթիվ մարդիկ էլ հարգում են լավ տղաներին։ Եվ այդ հարգանքն էլ մղում է մարդկանց հետևել լավ տղայի օրինակին և նաև քվերակել այն թեկնածուին, ում մատնացույց կանի լավ տղան։

25 ձայն ունի նաև գործարարը, որի հիմնարկներում աշխատողները քաղաքական նախընտրություններ չունեն և նրանց համար միևնույն է, թե ով կդառնա պատգամավոր, վարչապետ և այլն։ Այս մարդիկ հարգում են իրենց գործատուին և կարող են հետևել նրա օրիկնակին կամ քծնել՝ ցույց տալով, թե նույն քաղաքական ուժին են ընտրելու, ինչ գործատուն։

Կարճ ասած՝ հեղինակություն վայելող մարդու հանդեպ հարգանքն ու սերը մարդկանց մղում են հետևելու նրա օրինակին նաև քաղաքական ընտրության պարագայում։ Եվ եթե 25 հոգի հեղինակություն են համարում մեկին, նշանակում է՝ նա գիտի, որ այդ 25 հոգին հետևելու է իր օրինակին, բավարար է, որ նա բարձրաձայն ասի, թե ում է ընտրելու։ Այդ 25-ին էլ կարող են ասել, որ իրենց ուսուցիչը, գիտական ղեկավարը, գործատուն, մշակութային կամ մարզական կուռքը 25 ձայն ունեն, քանի որ իրենք քվեարկելու են այնպես, ինչպես կասի իրենց հեղինակությունը։

Այսպիսով՝ պարզ է, թե ովքեր են Փաշինյանի դասակարգային թշնամին։ Դրանք իրենց ոլորտներում, միջավայրում հեղինակություն վայելող անձինք են։ Եվ հիմա Փաշինյանը նրանց դեմ դասակարգային պայքար է հռչակում։ Եթե նրան հաջողվի չեզոքացնել կամ իր կողմը բեկել բոլոր հեղինակություններին, ովքեր 25 և ավելի ձայն ունեն, ապա երկրում միայն Փաշինյանը կլինի հեղինակություն, և մարդիկ, որոնք ընտրություն կատարելիս առաջնորդվում են հուզական բնությամբ, հետևում հեղինակության օրինակին կամ հորդորին, կընտրեն Փաշինյանին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա