Ներքին 17 hours ago - 12:09 26-11-2026

«ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական կառավարմանն առնչվող որոշմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է ստորագրել ընկերության բաժնետերերի համաձայնագիրը, որից հետո այն կգրանցվի Հայաստանում և գործնականում հնարավորություն կունենա իրականացնելու նախագծի աշխատանքները։

«ԹՐԻՓՓ-ի շրջանակում գործնական աշխատանքներն արդեն սկսվել են այս շաբաթ։ Մեկնարկել են շինհրապարակի նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը։

ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ է, որը ներառում է երկաթուղի, ավտոճանապարհ, նավթատար, գազատար խողովակաշարեր, հոսանքի և ինտերնետային կապի գծեր: TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Նոյեմբերի 23-ին Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները հայտարարել էին նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։

Սա որակելով որպես պատմական իրադարձություն Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս հայտարարեց, որ մեկնարկում են անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները:

Նախօրեին Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում TRIPP նախագծով զբաղվող ամերիկյան կողմի ներկայացուցիչ Արիե Լայթսթոունը հայտնել էր, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության շուրջ հայ-ամերիկյան բանակցություններն ավարտվել են նոյեմբերի 20-ին։ Նրա խոսքով՝ այժմ իրավաբաններն աշխատում են ընկերության կանոնադրության վրա, իսկ ստորագրման ժամկետը կախված է նաև արարողության օրվա համաձայնեցումից։ Լայթսթոունը նաև հայտնել էր, որ ԹՐԻՓՓ-ի սկզբնական փուլում նախատեսվում է կառուցել երկաթուղի և ավտոճանապարհ, իսկ հետագայում նախագիծը կարող է ընդլայնվել՝ ներառելով գազատարներ, նավթատարներ, էլեկտրահաղորդման գծեր և թվային մալուխներ։

Հայ-ամերիկյան համաձայնագրով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է Միացյալ Նահանգներին, 26 տոկոսը՝ Հայաստանին։

Ընկերությանը նախատեսվում է 49 տարով տրամադրել նախագծի ենթակառուցվածքների զարգացման իրավունք՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը կավելանա՝ հասնելով 49 տոկոսի։

Most Viewed

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում