Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական Le Point թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինա ներխուժելու ծրագրերի մասին․ փոխանցում է meduza.io-ն։
Լրագրողը հարցրել է, թե ինչու է Լուկաշենկոն 2022 թվականին թույլ տվել, որ իր երկիրն օգտագործվի «որպես թիկունքային բազա Ռուսաստանի ռազմական գործողությունների համար»։
«Մենք Ռուսաստանի և, առավել ևս, Ուկրաինայի վրա հարձակման համար որևէ բազա չենք եղել»,- ի պատասխան հայտարարել է Լուկաշենկոն, իսկ հետո վերցրել է սեղանին դրված Բելառուսի քարտեզը։
Դրա վրա ցույց տալով Բրեստի և Գոմելի մարզերը՝ Լուկաշենկոն նշել է, որ «մոտավորապես այստեղ» 2022 թվականին անցկացվել են Բելառուսի և Ռուսաստանի համատեղ պլանային զորավարժությունները։ Դրանցից հետո, նրա խոսքով, Ռուսաստանը սկսել է դուրս բերել իր զորքը։
«Հետո այդ զորքը, որն արդեն այստեղ էր կենտրոնացված, ինչ-ինչ պատճառներով թեքվեց դեպի Կիև և որոշեց Կիևով դուրս գալ»,- ասել է Լուկաշենկոն՝ հստակեցնելով, որ ինքը դա ասում է «կատակով»։
«Իմ դեմ որևէ բողոք չկա։ Ես բացարձակապես ոչ մի կապ չունեմ այս պատերազմի սկզբի հետ։ Մենք ոչ մի կապ չունենք այս պատերազմի հետ։ Ես չգիտեի պատերազմի սկզբի մասին, և Ռուսաստանի գլխավոր շտաբն ինձ չի տեղեկացրել այդ մասին», – հայտարարել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ հենց այն ճանապարհով, որը նա քարտեզի վրա ցույց էր տալիս լրագրողին (Լենինգրադ-Օդեսա), ռուսական զորքերը սկսեցին իրենց հարձակումն Ուկրաինայի վրա։