«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բուհում դժգոհության ալիքը չի մարում, ավելին՝ ուսանողների շրջանում ստորագրահավաքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է։
Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու ծրագրի մասին է։ Չնայած բուհի ներսում առկա դիմադրությանը՝ իշխանությունը շարունակում է առաջ տանել ակադեմիական խոշորացման իր ծրագիրը, իսկ համալսարանի աշխատակիցները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչ է սպասվում իրենց։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բուհի տարբեր շրջանակներում ներկայացնում է, թե միավորման գործընթացը իշխանության և ԿԳՄՍ նախարարության պահանջն է, և ինքը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել։ Սակայն, մեր տեղեկություններով, մասնավոր զրույցներում նա բոլորովին այլ դիրքորոշում է հայտնում՝ նշելով, որ անձամբ դեմ է Բրյուսովի միավորմանը և չէր ցանկանա, որ համալսարանն այդ ճանապարհով գնա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների շրջանում իրականացվող ստորագրահավաքները կարծես թե նաև ռեկտորի սրտով են, քանի որ դրանք կարող են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել միավորման գործընթացի համար։ Ստացվում է՝ մի կողմից՝ հանրային դաշտում ներկայացվում է, որ ծրագիրը պետք է իրականացվի, մյուս կողմից՝ բուհի ներսում շարունակվում է դժգոհության ալիքը։
Իրավիճակը հատկապես լարված է դասախոսական կազմի շրջանում։ Մեր տեղեկություններով՝ դասախոսները չգիտեն՝ միավորման դեպքում ինչ է լինելու իրենց աշխատատեղերի, ամբիոնների և մասնագիտական ուղղությունների հետ։ Նրանց մի մասը մտավախություն ունի, որ խոշորացման անվան տակ կարող են կրճատումներ լինել, և տարիներով բուհում աշխատելուց հետո իրենք կարող են հայտնվել գործազուրկի կարգավիճակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։