Նոյեմբերի 20-ի գիշերը ռուսական զինուժը անօդաչուներով ու բալիստիկ և թևավոր հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին՝ օդ բարձրացնելով նաև ռազմավարական ռմբակոծիչներ։ Հարվածներ են եղել ենթակառուցվածքային օբյեկտի ու կամրջի մերձակայքում, հրդեհներ են բռնկվել, վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները։ Այս ֆոնին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին կանգնեցնելու համար ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է դադարեցնեն առևտուրը Մոսկվայի հետ, իսկ Կիևին հաջորդ տարի անհրաժեշտ է 115 միլիարդ դոլար։ Նա նաև հավելել է, որ կցանկանար Ուկրաինայում տեսնել ամերիկյան ռազմաբազաներ՝ Մերձավոր Արևելքի օրինակով, իսկ եվրոպացիներին խոստացել է կիսվել եզակի ռազմական համակարգերով, որոնք «այսօր ոչ ոք չունի»՝ բայց արդեն պատերազմից հետո։
Նոյեմբերի 19-ի առավոտյան Թբիլիսիի ծայրամասային Փոնիճալա թաղամասի բնակելի շենքում անսարք ջեռուցիչի պատճառով կուտակված գազի պայթյունից փլուզվել են տանիքի մի մասն ու միջհարկային ծածկերը՝ խլելով վեց մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի կյանք։ Շենքի փլուզման սպառնալիքի պատճառով փրկարարները 15 ժամ ձեռքով մաքրել են փլատակները՝ անվնաս դուրս բերելով երեքամյա աղջկան, իսկ հիվանդանոց տեղափոխված հինգ տուժածներից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Վթարային դարձած երկու մուտքերի 28 ընտանիք տեղափոխվել է հյուրանոցներ, հարուցվել է քրեական գործ, իսկ Վրաստանի կառավարությունը զոհերի հիշատակին նոյեմբերի 22-ը հայտարարել է Սգո օր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Աշտարակ–Ուջան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրի հատվածում Արմավիրի մարզի 32-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Մարմնական վնասվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Գավառ քաղաքից դեպի Սևան–Մարտունի–Գետափ ավտոճանապարհի Հ39 հատվածում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Տուժած վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատել են պարեկներն ու քննչական խումբը, իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են վարորդի և մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
«Իրավունք» թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները թևակոխել են նոր լարված փուլ։ Ըստ ՔՊ աղբյուրի՝ վարչության նիստում Ավինյանը պահանջել է ուղիղ խոսել, ոչ թե «լայվերով» ակնարկներ անել՝ միաժամանակ հասկացնելով, որ ինքն էլ կարող է ուղիղ եթերներով շատ բան պատմել, մասնավորապես իրեն այսօր քննադատողների՝ նախկինում արված խնդրանքների մասին։ Այս հայտարարությունը, ըստ հրապարակման, լրջորեն զայրացրել է Փաշինյանին, որը հարց է բարձրացրել, թե արդյոք Ավինյանը սպառնում է սեփական թիմին։
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգում է, որ Սևան–Դիլիջան մայրուղու հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորան չհասած՝ հանրային լողափերից մեկի հարակից անտառում, ծառերը բառացիորեն գլխատվել են՝ հատվելով մոտ երկու մետր բարձրությունից։ «Սևան» ազգային պարկից թերթին պարզաբանել են, թե ծառերը թեքված են եղել, իսկ հատման ծրագիրն էլ հաստատել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Պարբերականը, սակայն, արձանագրում է, որ տեղում թեքված ծառերը եզակի են, մինչդեռ կտրվել են նաև ուղիղ ու սլացիկ ծառերը, իսկ մասնագիտական եզրակացության ու վնասի գնահատման վերաբերյալ որևէ հստակ պատասխան չկա։