«Այո, դու ես գողացել, դու գողի սպասարկու ես, դու գողի «աբսլուգ» ես, դու ավելի վատն ես, դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կաստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես, դու ստնտու ես»,- նոյեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին:
Այս խոսքում քրեական ենթամշակույթի բառեր կան։ Մասնավորապես՝ «աբսլուգ» բառը դուրս է եկել բանտային միջավայրից։ Այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ շփվել են քրեական ենթամշակույթի կրողների հետ։ Փաշինյանն այդ բառը, հավանաբար, լսել է կալանավայրում, որտեղ նա հայտնվել է Մարտի 1-ի գործով և համաներմամբ ազատ արձակվել։
Ինչո՞ւ է վարչապետը բանտային բառապաշար կիրառում ԱԺ ամբիոնից, և ի՞նչ հետևանք կունենա այսպիսի խոսույթը։
Նախկինում թևավոր խոսք կար՝ «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հռետորական հարցը սահման էր քաշել քրեական ենթամշակույթի կրողի և քաղաքական գործչի միջև։ Այդ սահմանը նոյեմբերի 18-ին ջնջեց Փաշինյանը։
Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը տիրապետում է բանտային բառապաշարին։ Խնդիրն այն է, թե ինչու է երկրի վարչապետը, ԱԺ բարձրագույն ամբիոնն օգտագործելով, հանրային քաղաքական բանավեճը վերածում քրեական ենթամշակույթին բնորոշ լեզվակռվի։ Վարչապետի պաշտոնը ենթադրում է ոչ միայն պետական կառավարման լիազորություններ, այլև հանրային խոսքի որոշակի պատասխանատվություն։ Իսկ երբ ամենաբարձր պաշտոնյան խորհրդարանում սկսում է մրցել փողոցային ու բանտային ժարգոնի իմացությամբ, ապա մյուսները ևս կընդօրինակեն նրան, և պետական պաշտոնյայի կերպարը կաղավաղվի, առաքինի մարդիկ չեն ուզենա քաղաքական գործիչ դառնալ, քաղաքականությամբ զբաղվել, ընտրություններին մասնակցել, քաղաքական համայնքը կլցվի սրիկաներով, ժողովրդավարությունը կդեգրադացվի, կիմաստազրկվի։
Իշխանությունը տարիներ շարունակ խոսում է ժողովրդավարության, նոր քաղաքական մշակույթի, արժեքների փոփոխության, նախկին բարքերի մերժման մասին։ Բայց այդ ամենի ֆոնին վարչապետը խորհրդարանում ցուցադրում է մի խոսույթ, որը բնորոշ է բացառապես քրեական ենթամշակույթի կրողին։
Այդ դեպքում ինչո՞ւ պետք է զարմանալի թվա, որ հասարակական հարաբերություններում նույնպես անհանդուրժողականությունն ու վիրավորանքը դառնում են ընդունելի վարքագիծ։ Եթե երկրի վարչապետը կարող է խորհրդարանի ամբիոնից այդպես խոսել, ապա ի՞նչ բարոյական հիմքով կարելի է նույն վարքագիծը դատապարտել մյուս քաղաքացիների դեպքում։
Վերջին շրջանում բազմաթիվ մարդիկ են հետապնդվել քրեական ենթամշակույթի կրող լինելու մեղադրանքով։ Նրանք պետք է ազատ արձակվեն, քանի որ նոյեմբերի 18-ին ԱԺ գլխավոր ամբիոնից քրեական ենթամշակույթը լեգիտիմացվեց։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարբեր հաստատություններում դասախոսությունների շարք է կարդում քրեական ենթամշակույթի աղետաբեր հետևանքների մասին։ Գուցե մի դասախոսություն էլ կարդա ՔՊ անդամների, պատգամավորների համար, որ նրանք էլ հասկանան, թե դա ինչ աղետաբեր բան է։
Ի վերջո՝ քաղաքացիները կարող են վիրավորվել, որ իրենց վարչապետը կարծում է, թե «կաստյում բռնելը», այսինքն՝ ծառայություն մատուցելը, ստորացուցիչ է։
Քաղաքական գործիչը ծառայող է, ծառայում է ժողովրդին, քաղաքացիներին։ Փաշինյանը ժողովրդի ծառան չէ՞, իր բառով ասած՝ «աբսլուգը» չէ՞։ Հարյուր հազարավոր մարդիկ ծառայություն են մատուցում հասարակական սննդի, կրթության, առողջապահության, տրանսպորտի, հանրային ծառայության և բազմաթիվ այլ ոլորտներում։ Նրանք, Փաշինյանի կարծիքով, գողից վա՞տն են, կարելի՞ է նրանց ասել՝ «աբսլուգ»։ Ինչո՞ւ է Փաշինյանն անուղղակի վիրավորում ժողովրդի մի մասին։ Այսպիսի հայտարարություններից հետո ինչո՞ւ են զարմանում, որ ժողովուրդը ՔՊ-ին ձայն չի տալիս։
Իսկ եթե ՔՊ խմբակցությունում կարծում են՝ նորմալ է, որ Փաշինյանը կիրառում է քրեական ենթամշակույթի բառապաշար, ապա կարող են համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով կանոնակարգել, թե ովքեր են «գողական», ովքեր՝ «աբսլուգ», «հարիֆ», «ֆրայեր» և այլն։ Օրինակ՝ կարող են ընդունել «Գողականի մասին» սահմանադրական օրենքը, որով վարչապետին, մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին կշնորհվեն քրեական ենթամշակույթի համապատասխան աստիճանակարգեր՝ դրանից բխող իրավունքներով ու պարտականություններով։ Դրանից հետո ոչ ոք չի զարմանա, թե ինչու է վարչապետն այսպես խոսում ժողովրդի հետ, ոչ ոք չի վիրավորվի, որ իրեն ասեն «աբսլուգ», «կաստյում բռնող»։
Կարճ ասած՝ քաղաքացին հերթական անգամ ամաչելու և Փաշինյանից երես թեքելու առիթ ունեցավ, իսկ ՔՊ-ն ռեալ երկընտրանքի առաջ կանգնեց. կա՛մ պատգամավորները օրակարգ կբերեն «Գողականի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, կա՛մ ՔՊ-ի վարքականոնում կմտցնեն կետ, որով կարգելեն պատգամավորներին ու Փաշինյանին ժարգոնային, քրեական ենթամշակույթի բառապաշարի բառեր կիրառել ԱԺ ամբիոնից, որ առաքինի, բարի ժողովուրդը չամաչի իր պատգամավորի ու վարչապետի խոսքի պատճառով։
Թաթուլ Մկրտչյան