Ներքին 52 րոպե առաջ - 21:11 12-10-2026

Պետական աշխատողներին պարտադրում են թոքերի ստուգում անցնել հենց թիվ 2 պոլիկլինիկայում, որտեղ այն վճարովի է․ ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին պետական համակարգի մի շարք աշխատակիցներ ահազանգել են, որ իրենցից պահանջում են թոքերի ստուգում անցնել պարտադիր կերպով, ընդ որում՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, որտեղ հետազոտությունը վճարովի է։

Մեր տեղեկություններով՝ խնդիրը ոչ միայն այն է, որ աշխատակիցներին ուղղորդում են կոնկրետ բուժհաստատություն, այլև այն, որ այլ պոլիկլինիկաներում նույն հետազոտությունը հնարավոր է անցնել անվճար։

Այս պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են պետական աշխատողներին պարտադրում դիմել հենց այն բուժհաստատությանը, որտեղ դրա համար պետք է վճարել։ Ո՞վ է նման պահանջ ներկայացրել, ի՞նչ հիմնավորմամբ է ընտրվել հենց թիվ 2 պոլիկլինիկան, և ինչո՞ւ աշխատակիցներին հնարավորություն չի տրվում հետազոտությունն անցնել անվճար՝ այլ բուժհաստատություններում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ներկայացնեն պատասխանատու մարմինները։

Հատկանշական է, որ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենը Վահագն Մկրտչյանն է, ով Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Այս հանգամանքի ֆոնին պետական աշխատողներին հենց այս բուժհաստատություն ուղղորդելու վերաբերյալ ահազանգն առավել մանրակրկիտ պարզաբանման կարիք ունի։

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ու ահազանգերը պարբերաբար տեղ են գտնում լրատվամիջոցներում։ Տարբեր առիթներով բարձրաձայնվել են բուժհաստատության սպասարկման, կազմակերպչական խնդիրների և բուժանձնակազմի աշխատանքի վերաբերյալ հարցեր։

Այս անգամ խնդիրը պետական աշխատողներից պահանջվող հետազոտության կազմակերպումն է և այն հանգամանքը, որ նրանց, ահազանգերի համաձայն, ուղղորդում են վճարովի ծառայություն ստանալու՝ այն դեպքում, երբ այլ բուժհաստատություններում այն հասանելի է անվճար։

Oragir.News-ը փորձել է պարզաբանում ստանալ թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենից, բայց նա մեր հեռախոսազանգերին չի պատասխանել։

Անահիտ Չալիկյան