shamshyan.com-ը սեպտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ բախվել էին «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանն էր, տեղափոխվել էին հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վաղ առավոտյան Վ. Մալխասյանը հիվանդանոցում մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել էին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները և նրանցից մեկի ուղևոր՝ 42-ամյա Հրանտ Դ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, դադարեցրել «Opel Zafira»-ի գազի արտահոսքը և պարեկների հետ ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։