Ախուրյան խոշորացված համայնքի Կապս բնակավայրում կա փողոց, որը նորոգելուց հետո կրկին նորոգման կարիք է առաջացել։ Դեպի դպրոց տանող փողոցը, ըստ բնակիչների, այս անգամ նորից է վերանորոգվելու։ Խնդիրներից մեկը փողոցի լայնությունն է։
Դպրոց տանող ճանապարհի լայնությունը մոտ 3.8 մետր է, ինչը, բնակիչների խոսքով, առօրյա երթևեկության համար բավարար չէ։
«Շարժվելու տեղ չկա, մեքենա կանգնեցնելու տեղ չկա»,– դժգոհում են գյուղացիները՝ նշելով, որ փողոցը վերանորոգելուց հետո ակնկալում էին ավելի հարմարավետ ու անվտանգ երթևեկություն։
Սակայն հիմա նույն փողոցը կրկին պետք է քանդվի ու նորոգվի։ Այսինքն՝ մի աշխատանք, որը պետք է լուծեր բնակավայրի ճանապարհային խնդիրը, փաստացի նոր աշխատանքների անհրաժեշտություն է առաջացրել։
Բնակիչների գնահատմամբ՝ ստացվում է իրավիճակ, երբ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում»․ փողոցը նորոգվել է, սակայն դրա լայնության և օգտագործման հնարավորությունների վերաբերյալ հարցերը մնացել են։
Իշխանությունը վերջին տարիներին հաճախ է խոսում ճանապարհաշինության և ասֆալտապատման ծավալների մասին։
Սակայն Կապսի այս հատվածի դեպքում հարց է առաջանում՝ որքանո՞վ են արդյունավետ ծախսվում այդ աշխատանքների համար նախատեսված միջոցները, եթե նորոգված փողոցը կարճ ժամանակ անց կրկին նորոգման կարիք է ունենում։
Կապսի բնակիչների համար, ի վերջո, կարևոր է ոչ թե ասֆալտապատված փողոցների քանակը, այլ այն, թե արդյունքում ինչ ճանապարհ են ստանում իրենք։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Կապսի նորոգված, բայց դարձյալ նորոգվելու կարիք ունեցող փողոցը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան