Սցենարիստ, հաղորդավար եւ պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանին հանդիսատեսը ճանաչում է հատկապես «Վիտամին» ակումբից եւ «Կասկածելի երեկո» հաղորդումից: Այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող «Մեկ in Մեկ» կատակերգությունում նա հանդես է գալիս իր դեբյուտային դերով, որը Bravo.am-ի հետ զրույցում որակել է որպես իր համար շատ սպասելի եւ միեւնույն ժամանակ սովորական։
«Ճիշտն ասած՝ 20 տարի է՝ այս ոլորտում եմ՝ տեսախցիկի հակառակ կողմում, եւ այս կողմ անցնելն ինձ համար նոր փորձառություն կամ, այսպես ասած, մութ անտառ չէր։ Իհարկե, նոր ծանոթություններ, դրական շփումներ տվեց: Հավես էր, բայց շատ լուրջ, վեհ ու խորիմաստ բաներ չեմ կարող ասել։ Մինչ այս ինչո՞ւ չկայի ֆիլմերում, կասեմ՝ զուտ չէի ցանկանում։ Նույն պատճառով այսքան տարի չկայի Ինստագրամում ու վերջերս գրանցվեցի»,- նշեց նա։
Թեեւ նկարահանումների ընթացքը ծանոթ ու սովորական է համարում, պարզվում է՝ դժվարություններ նույնպես եղել են, եւ Մարտիրոսյանն առաջիկայում ֆիլմերում նկարահանվելու ցանկություն այնքան էլ չունի:
«Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց այս պահին կասեմ, որ ավելի շատ չեմ ուզի որպես դերասան հանդես գալ, քանի որ բարդ պահ կա։ Նկարահանումների ընթացքում իմ ամենաչսիրելին այն է, որ նախապես սովորած տեքստեր պետք է ասեմ։ Ես, ընդհանուր առմամբ, դա չեմ սիրում, քանի որ այդքան էլ իմը չէ. ես իմպրովիզներ եմ սիրում»,- խոստովանել է նա:
Ռոբերտ Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ շատ պատրաստ է քննադատություններին ու բացասական կարծիքներին, քանի որ կլինեն մարդիկ, որ կասեն՝ «Այս տղան կացին է», ինչը, նրա խոսքով, նույնպես նորմալ է։
Մանրամասները bravo.am կայքում։