Ներքին 4 տարի առաջ - 19:46 04-03-2022

Գևորգ Բաբայանը՝ նոր պաշտոնի անցնելու, քննադատությունների եւ մեղադրանքի մասին

Համացանցում ակտիվ քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելը։ Հատկապես քննադատվում է այն, որ նա, ունենալով մեղադրյալի կարգավիճակ, այն էլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, պետական համակարգում կրկին անցել է աշխատանքի։

Oragir.news-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով այդ խոսակցություններին, ասաց, որ քննադատություններին ուղղակի որեւէ կերպ չի վերաբերվում, լրահոսին էլ չի հետեւում։

Խոսելով մեղադրանքի մասին՝ ասաց, որ այն անհիմն է․ «Դատական վճիռ չկա, երբ դատարանի որոշում կլինի․․․ դատարանի կողմից ես չեմ էլ ծանուցվել, որ գործը հասել է դատարան»։

-Պարո՛ն Բաբայան, շեշտը նրա վրա է դրվում, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահած անձը կրկին պաշտոն է ստացել։

-Ո՞վ է որոշում պաշտոնեական լիազորություններ չարաշահե՞լ եմ, թե՞՝ ոչ։

-Ամեն դեպքում, մեղադրանք կա։

-Մեղադրանքը որոշում չէ, մեղադրանքով ոչինչ չենք կարող որոշել։ Դատարանը միայն կարող է ասել՝ այդպես է, թե՝ ոչ։
-Վստա՞հ եք, որ դատարանում արդարացվելու եք։

-Իհարկե։

-Այն պաշտոնը, որն այժմ զբաղեցնում եք, կարո՞ղ է կաշկանդել դատարանին։

-Մենք ունենք բազմաթիվ պատգամավորներ, որոնք մեղադրանքներով են անցնում, գործերը գտնվում են դատարանում։ Անգամ ունենք ընտրված պատգամավորներ, ովքեր կալանքի տակ են գտնվում։ Ազդեցություն ունենո՞ւմ է։

-Նրանք ընդդիմությունից են։

-Ի՞նչ կապ ունի։

-Իշխանության լծակներն ու ընդդիմությանը համեմատելի չեն։

-Չեմ կարծում, որ իշխանությունը լծակներ է գործադրում դատական իշխանության վրա։

-Այս պաշտոնի առաջարկն ո՞ւմ կողմից է Ձեզ եղել։

-Ես 2012 թվականից կուսակցության անդամ եմ։ Նախարարի կողմից են առաջարկ ստանում, գուցե նաեւ վարչությունում էլ է քննարկվում։

-Դուք եղել եք թաղապետ, այս աշխատանքն ու նախկինը միմյանց հետ եզրեր ունե՞ն։ Որքանո՞վ եք ծանոթ այս ոլորտին։

-Որոշակի եզրեր կան, մեկ ամիս է՝ այստեղ աշխատում եմ։

Նշենք, որ Գևորգ Բաբայանը, ըստ տեղեկությունների, լինելով թաղապետ, Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Ալբինա Բարեղամյան





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը