Ներքին 1 ժամ առաջ - 18:09 23-09-2026

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք

2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Գրում է Հետքը:

2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։

Ծաղկաձոր համայնքում՝ Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին գտնվող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967 թվականին։ Այս համալիրը նախատեսված էր ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների մարզման համար։

1996 թվականին ստեղծվեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 100% պետական մասնակցությամբ էր։ Ընկերության հաշվեկշռում էր մարզահամալիրի ամբողջ գույքը։

Համալիրը 2006 թվականին 50 տարով վարձակալության տրվեց ԱՄՆ-ում գրանցված «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ Ալբերտ Բոյաջյանն է։ Նա այդ ժամանակ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ընկերն էր։

«Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության վարձակալած անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ ուղղակի վաճառքով օտարվել է «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։

Օտարված գույքի թվում են՝ երկու հյուրանոցային մասնաշենք, հասարակական կենտրոն, ջրային բուժական կենտրոն, ճաշարան, 4 սպորտդահլիճ, թեթև ատլետիկայի մանեժ, տնտեսական մասնաշենք, տաղավար, բենզինի լիցքավորման կետ, 4 ենթակայան, պահեստ, ավտոտնակներ և շենք-շինություններով չծանրաբեռնված 5.6 հա մակերեսով հողամաս։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 7.6 հա է, շենքերինը՝ 3.2 հա։

Այս անշարժ գույքի շուկայական արժեքը, առանց հողի, գնահատվել է 197.3 մլն դրամ, հողերի ընդհանուր կադաստրային արժեքը՝ 344 մլն դրամ։ Այսինքն՝ 32,237 քմ մակերեսով շենք-շինությունների և դրանց զբաղեցրած, ինչպես նաև դրանցով չծանրաբեռնված 76,121 քմ մակերեսով հողի համար «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությունը վճարել է 541.6 մլն դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։