Ներքին Միտք 50 րոպե առաջ - 20:00 22-09-2026

Ինչու էին Սեպտեմբերի 21-ին հրապարակում ռաբիս երգում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրությունն ակտիվորեն քննարկում է, թե ինչու Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տոնական գլխավոր միջոցառման ժամանակ ռաբիս երաժշտություն էր հնչում։ Ասեկոսեներից առանձնացնենք ուշագրավները։

Ամենատարածված ասեկոսեն վերաբերում է ՔՊ-ական վախերին։ Բազմաթիվ երաժիշտներ, ստեղծագործողներ, շոուբիզի գործիչներ անթաքույց քննադատում են Փաշինյանին։ Եվ կա վախ, որ եթե այդպիսի երաժիշտների ներգրավեն, ապա Հանրապետության հրապարակի բեմը կարող է վերածվել հակակառավարական ցույցի հարթակի։ Եվ ենթադրելի է, որ այդ ռիսկերը հաշվի առնելով՝ ներգրավել են նրանց, որոնք քաղաքական դիրքորոշում չունեն, քաղաքական իմպրովիզներ չեն անի բազմահազար ժողովրդի առաջ։

Ասում են նաև, թե ոչ ռաբիս երգիչներն ու համույթները սկզբունքորեն հրաժարվել են Փաշինյանի հետ նույն բեմում ելույթ ունենալ։ Ռաբիս բազմաթիվ երաժիշտներ ևս հրաժարվել են։ Այսինքն՝ իշխանությունները մեծ ընտրություն չեն ունեցել։ Եվ միջոցառմանը ներգրավել են միայն այն կատարողներին, որոնք համաձայնվել են Փաշինյանի հետ կիսել բեմը։

Մեկ այլ ասեկոսե պարունակում է կոռուպցիայի վերաբերյալ կասկածներ։ Ասում են, թե իշխանությունները նախկինում նման միջոցառումների մասնակիցներից ու կազմակերպիչներից պահանջել են «ատկատ»։ Շատերը չեն համաձայնել, որ իրենց անվան դիմաց գրվի մեծ թիվ, բայց իրենք ստանան դրա մի մասը։ Եվ այդ պատճառով իշխանությունների հետ գործակցողների շրջանակը ժամանակի ընթացքում նեղացել է, մնացել են մի քանի հոգի, այն էլ՝ ռաբիս։

Ի դեպ՝ հայտնի է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դասական երաժշտություն է լսում և իր ենթականերին հորդորում լսել դասական։ Նա միակը չէ ոչ ռաբիս ճաշակով։ ՔՊ-ականների շարքերում շատ կան ռոք լսողներ։ Նիկոլ Փաշինյանը ֆոլկ-ռոք համույթ է ստեղծել՝ «վարչաբենդը»։ Սակայն, ասում են, թե ՔՊ-ում ռաբիս լսողները շատ-շատ են, ճնշում են և՛ դասական, և՛ ռոք լսողներին։

Ազգագրական, ժողովրդական ոճի արտիստներին չներգրավելը ևս զարմանալի է։ Անկախության տոնին հարիր էր, որ հնչեին ժողովրդական, ազգագրական երգեր։ Շաբաթներ առաջ «Գութան» ամենամյա փառատոնը հավելյալ ապացուցեց, որ ազգագրական, ժողովրդական կայացած համույթներ կան, որոնք իսկական ազգային տոն կարող էին դարձնել Սեպտեմբերի 21-ը։ Ենթադրելի է, որ այդպիսի երգեր չներառելը եղել է արտաքին պահանջ։ Ասում են՝ Բաքուն պահանջել է, որ տոնական համերգին չհնչեն ժողովրդական երգեր հայ հերոսների, հերոսական պայքարի մասին։ Եվ այդ պատճառով ազգագրական, ժողովրդական երգեր, մարտական երգեր, քայլերգեր, հերոսապատում ստեղծագործություններ չեն ներառվել երգացանկում։ Փոխարենը ներառվել են ռաբիս հայտնի ստեղծագործություններ, որոնցում չեն հիշատակվում հայրենիքը, ազատության համար պայքարը և նման թեմաներ։

Հիշեցնենք, որ 1988-ին համաժողովրդական պայքարի ժամանակ ռաբիս չկար։ Մարդիկ երգում էին՝ «Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ…»։ Նստացույցերի ժամանակ Մեսչյան էին լսում։ 1991-ի սեպտեմբերին հանրաքվեի և անկախության հռչակման օրերին համընդհանուր ուրախություն էր, բայց դարձյալ ռաբիս չկար։ Հայրիկյանի երգերն էին հնչում ամենուրեք։ Պատերազմի մասնակիցների մի մասը դասական էին լսում, նրանց սիրելի ստեղծագործություններից էր Ռավելի «Բոլերոն»։

Հիշարժան է նաև, որ 2009-2013-ին, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ, Մայիսի 28-ին և Սեպտեմբերի 21-ին բարձրաճաշակ տոնական միջոցառումներ էին կազմակերպվում, որոնցից ամենաճոխը Ազատության հրապարակում կազմակերպված «Գոհար» անսամբլի համերգն էր 2011-ին։ 2013-ի սեպտեմբերին պետության անիվը դեպի Կրեմլ թեքելուց հետո փոխվեց նաև տոնական համերգների երգացանկը։ Ռաբիսը և ցածրակարգ երգերը սկսեցին գերակշռել։ Նույնիսկ ռուսերեն երգեր էին հնչում։ Տպավորություն էր, թե Մոսկվան նաև այս հարցում է եղանակ թելադրում։

Նույն կասկածն է նաև ներկայում։ Հանրության շրջանում ողջամիտ կասկած է շրջանառվում, թե ոչ թե ՔՊ-ական իշխանությունն է որոշել Սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառման երգացանկը, այլ Մոսկվան, որը բացառել է ազգային, ազատագրական, հայրենասիրական երգեր, որ տպավորություն ստեղծվի, թե հայերը ազատության, անկախության, ազատության համար պայքարի երգեր չունեն, ցածրակարգ ժողովուրդ են, անկախության արժանի չեն։

Պարզ ասած, եթե հանրային այս կասկածները իրական չեն, ապա իշխանությունները կարող են բացատրություն ներկայացնել, թե ունենալով շատ հարուստ պոտենցիալ, ինչո՞ւ չեն ներգրավել ազատության և անկախության մասին ազգագրական, ժողովրդական երգեր, դասական ստեղծագործություններ, այլ գերազանցապես տեղ են տվել ռաբիսին։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը