Սոթքի ոսկու հանքում աշխատողների աշխատանքային պայմանների և անվտանգության վերաբերյալ բողոքները շարունակում են մնալ արհմիության ուշադրության կենտրոնում։ Արհմիության ներկայացուցիչների խոսքով՝ վերջին ամիսներին իրենց են դիմել հանքի բազմաթիվ աշխատակիցներ՝ բարձրաձայնելով աշխատանքային պայմանների, անվտանգության, օդափոխության, ջրահեռացման և հանքի տարածքում առկա այլ խնդիրների մասին։
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է նաև արհմիության գործունեությանը խոչընդոտելու խնդրին: իրենց կառույցի մուտքը հանքավայր արգելվում է, չնայած այն հանգամանքին, որ աշխատողները դիմում են իրենց՝ խնդիրների լուծման ակնկալիքով։
«Մենք չենք ուզում այս հարցը հասցնել նրան, որ միջազգային աշխատանքային կառույցները և հանրությունը ստիպված լինեն արձագանքել։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի հեղինակությունը չվնասվի, և աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,– ասաց Փահլևանյանը։
Նրա խոսքով՝ աշխատակիցներից ստացվող ահազանգերը հիմնականում վերաբերում են անվտանգության պայմաններին։ Արհմիությունը պնդում է, որ ցանկանում է տեղում ուսումնասիրել խնդիրները, սակայն դրա համար խոչընդոտների է հանդիպում։ Արհմիության ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանն էլ նշեց, որ եթե իրենց պահանջները չլուծվեն, պատրաստվում են դիմել Նիկոլ Փաշինյանին, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատակիցները պատրաստ են նաև բողոքի ակցիաների։
«Աշխատողները պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանելու համար ակցիաների դուրս գալ, նույնիսկ ճանապարհ փակել։ Սա արհմիության շահը չէ, աշխատողներն իրենք են դիմում մեզ, և մենք պարտավոր ենք արձագանքել նրանց բողոքներին»,– ասաց Հակոբյանը։
Արհմիության ներկայացուցիչները նաև նշել են, որ իրենց հիմնական պահանջը «Գեոպրոմայնինգի» ղեկավարության հետ հարցը քննարկելն ու աշխատողների բարձրաձայնած խնդիրներին լուծում տալն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան