Երեկ Գյումրիում տեղի ունեցած տեղումնառատ անձրևների հետևանքով որոշ փողոցներ ու թաղամասեր
հայտնվել էին ջրի մեծ քանակության տակ։ Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ, ցավոք, ստեղծված բնական իրավիճակն անմիջապես առիթ դարձավ որոշ բլոգերների, քաղաքացիների, ինչպես նաև որոշակի քաղաքական ուժերի շահեր սպասարկող անձանց ու լրատվամիջոցների համար՝ շտապողականությամբ տեսանյութեր տարածելու և քաղաքապետարանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։
Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է. «Նրանք բաց չթողեցին առիթը թիրախավորելու քաղաքային իշխանությանը՝ պնդելով, թե իբր հեղեղատարները չեն գործում, և ջրահեռացումը պատշաճ չի կատարվում։
Գյումրու քաղաքապետարանը հարկ է համարում ընդգծել, որ նմանօրինակ քննադատություններն անտեղի են, չեն արտացոլում իրականությունը և ունեն քաղաքապետարանի կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքները հերթական անգամ սևացնելու միտում։
Վերջին շրջանում անձրևներն աննախադեպ ծավալի են, ինչը բնական երևույթ է, և առկա անձրևաջրատար ցանցը պարզապես չի հասցնում կարճ ժամանակահատվածում հեռացնել ջրի նման մեծ ծավալները։ Այս իրավիճակը նոր չէ․ հեղեղատարների խնդիրը տասնյակ տարիների պատմություն ունի։ Հարկ է հիշեցնել, որ նույն հեղեղատարները ճիշտ այսպիսի վիճակում են եղել նաև քաղաքային նախկին իշխանությունների օրոք, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ քաղաքային իշխանության մաս կազմած ավելի քան 3 տարիների ընթացքում։ Տասնամյակներով կուտակված համակարգային խնդիրները միանգամից լուծել կառավարման ընդամենը 1.5 տարվա ընթացքում գործնականում անհնար է։
Այդուհանդերձ, Գյումրու քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել խնդրի աստիճանական և արմատական լուծմանը․
• Ինչպես նախորդ տարի հիմնանորոգված, այնպես էլ այս տարի հիմնանորոգվող 40-ից ավելի փողոցներում քաղաքապետարանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում հեղեղատար ցանցերի կառուցմանն ու արդիականացմանը։
• Տեղական բյուջեի հաշվին նույնպես իրականացվել են հեղեղատարների վերանորոգման աշխատանքներ (օրինակ՝ Սայաթ-Նովա փողոցում և այլ հատվածներում)։
• Պարբերաբար իրականացվում են հեղեղատարների մաքրման և թողունակության բարձրացման աշխատանքներ։
Հիշեցնենք նաև, որ քաղաքի ամբողջ համակարգը նորոգելու և պատշաճ վիճակի բերելու համար պահանջվում են հսկայական ֆինանսական ներդրումներ և ժամանակատար աշխատանք։
Գյումրու քաղաքապետարանը վստահեցնում է, որ անում է առավելագույնը ստեղծված իրավիճակը շտկելու համար և կոչ է անում զերծ մնալ իրավիճակը քաղաքական նպատակներով շահարկելուց»։