Ներքին 1 ժամ առաջ - 17:39 13-08-2026

«Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օգոստոսի 11-ի գիշերը Երևանի Կոմիտասի պողոտայում պարեկային ծառայության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպից հետո երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մասնակիցների պնդմամբ՝ ամեն ինչ սկսվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, առաքիչ Մուկեշին պարեկների կողմից կանգնեցնելուց հետո և հետագայում վերածվել է ֆիզիկական բախման։

Oragir.News-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել մոպեդների վարձակալության ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչ Նաիրին։ Նա հայտնեց, որ տուժածներից մեկը իր փոքր եղբայրն է, իսկ մյուսը՝ ընկերը։ Նրա խոսքով՝ երկուսն էլ միջադեպի հետևանքով ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և սալջարդեր։

Նաիրիի փոխանցմամբ՝ միջադեպի սկզբում պարեկային ծառայությունը կանգնեցրել է ընկերության առաքիչներից մեկին՝ ազգությամբ հնդիկ Մուկեշին, վարորդի նկատմամբ իրականացվել է սթափության ստուգում, որի ընթացքում, ըստ իր ունեցած տեղեկության, արձանագրվել է մոտ 0.2 ցուցանիշ։

«Էդ ժամանակ իրենք առնվազն ակտ պետք է գրեին, մոպեդը թեկուզ տեղափոխեին, բայց սկսել են խփել ու հայհոյել»,-պատմում է Oragir.News-ի զրուցակիցը՝ շարունակելով․ «Մուկեշը կապվել է ընկերության հետ և հայտնել, որ պարեկները իրեն հայհոյում և հարվածում են։ Դրանից հետո ընկերության աշխատակիցները՝ Տիգրան Մինասյանն ու Գոռ Մելիքսեթյանը, մեկնել են դեպքի վայր։

Նրանց նպատակը ոչ թե ոստիկանների գործողություններին միջամտելն է եղել, այլ մոպեդի հետագա ճակատագիրը պարզելը։ Գնացել են այնտեղ, որ մոպեդը վերցնեն, այսինքն՝ որ տուգանային չտանեն մոպեդը, որպեսզի տվյալ վարորդի նկատմամբ արձանագրություն կազմվի, այլ ոչ թե խփեն կամ վիրավորեն»,-պատմում է նա։

Նաիրիի փոխանցմամբ՝ Տիգրան Մինասյանն ու Գոռ Մելիքսեթյանը ոստիկանության նկատմամբ ֆիզիկական գործողություններ չեն կատարել։ Հակառակը՝ դեպքի վայր են ժամանել նաև այլ պարեկային խմբեր, և իրավիճակն ավելի է սրվել, երբ համատեղ ուժերով բռնության են ենթարկել տղաներին։

«Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ֆիզիկական բռնության ենթարկել, անօգնական թողնել ու հեռանալ դեպքի վայրից»,- ասում է Նաիրին՝ ընդգծելով, որ իր համար պարեկների նման վարքագիծը չափազանց տարօրինակ է։

Վերջինիս փոխանցմամբ՝ տուժածներից մեկը միջադեպի ընթացքում սկսել է նկարահանել կատարվածը, սակայն պարեկները վերցրել են նրա հեռախոսը և տեսագրությունը ջնջել։

«Մեզ խոստացել են, որ տեսագրությունը հնարավոր կլինի վերականգնել քննության շրջանակում։ Եթե հեռախոսը փաստացի վերցվել է իրավապահների կողմից և դրա միջից ջնջվել է տեսանյութ, ապա անհրաժեշտ է պարզել՝ ինչ իրավական հիմքով է վերցվել սարքը, կազմվե՞լ է համապատասխան արձանագրություն, և արդյոք նշանակվել կամ իրականացվել է սարքի դատատեխնիկական փորձաքննություն»,- նշեց Նաիրին՝ հավելելով, որ այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, տուժածները ենթարկվում են դատաբժշկական փորձաքննության։

Հասմիկ Մովսիսյան