Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:00 29-07-2026

Վարորդներին սովորեցնելու համար սովորել պետք չէ․ ովքեր են պատրաստում ապագա վարորդներին

Մերի Հակոբյան

Լրագրող

Վարորդական իրավունքի ուսուցման և քննությունների ոլորտը կարող է ենթարկվել նոր կարգավորումների։ Ներքին գործերի նախարարությունը քննարկում է վարորդական իրավունքի դասընթացներ կազմակերպող ընկերությունների որակավորման և վերահսկողության մեխանիզմները։

Oragir.News-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեհյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք վարորդական իրավունք ստանալու համար ուսուցում իրականացնողներն ու քննություն վերցնողները պետք է ունենան համապատասխան լիցենզիա կամ որակավորում։

Քեհյանի խոսքով՝ այս պահին օրենքով նման գործունեության համար պարտադիր լիցենզավորման պահանջ սահմանված չէ։ «Լիցենզիա չունենալու մասով օրենքով պահանջ չկա։ Այսօր ցանկացած անձ, որն ունի համապատասխան գիտելիք, կարող է տեսական գիտելիքներ ուսուցանել, իսկ գործնական դասընթացներ անցկացնելու համար կարող է համապատասխան կահավորված տրանսպորտային միջոցով իրականացնել ուսուցում»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, Քեհյանը ընդգծեց, որ ոլորտում անհրաժեշտ է սահմանել հստակ չափանիշներ, որպեսզի վարորդների պատրաստման գործընթացը լինի վերահսկելի։ Նրա խոսքով՝ վարորդական դասընթացներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ, մասնագիտացված ստաժ, անհրաժեշտ տեխնիկական պայմաններ և վերահսկման մեխանիզմներ։

«Եթե վերցնենք վարորդական իրավունքի դասընթացների հետ կապված ոլորտը, ապա իրենք պետք է ունենան տրանսպորտի ոլորտում կրթական փաստաթղթեր, մասնագետներ, որոնք համապատասխան որակավորում ունեն։ Պետք է նաև լինեն տեխնիկական պայմաններ, տարածքները տեսանկարահանվեն, և ամբողջ գործընթացը վերահսկելի լինի»,- ասաց Քեհյանը։

Նա օրինակ բերեց նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ոլորտը՝ նշելով, որ այնտեղ ևս գործում են հստակ պահանջներ և վերահսկողության մեխանիզմներ։ «Մենք նոր գիտություն չենք ստեղծելու։ Նախկինում եղել են պահանջներ, նորմեր, և նույն այդ պահանջները պետք է կիրառվեն նաև այստեղ»,- նշեց «Վարորդի ընկեր»-ի նախագահը։

Քեհյանի խոսքով՝ կարևոր է ոչ միայն վարորդական իրավունք ստանալուց առաջ կարճաժամկետ ուսուցումը, այլև ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը դեռ վաղ տարիքից։

«Ես գտնում եմ, որ մարդը ոչ միայն այն ժամանակ պետք է սովորի երթևեկության կանոնները, երբ արդեն հասել է վարորդական իրավունք ստանալու տարիքին։ Դեռ վաղ տարիքից պետք է երեխաներին սովորեցնել՝ ինչպես անցնել փողոցը, ինչպես պահել իրեն երթևեկության մեջ, ինչպես ամրակապվել մեքենայում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս հարցի մասին տարբեր տարիներին բարձրաձայնել են, սակայն անհրաժեշտ կրթական փոփոխությունները դեռ ամբողջությամբ չեն իրականացվել։

Անդրադառնալով վարորդական իրավունքի քննություն վերցնողներին՝ Քեհյանն ընդգծեց, որ քննություն իրականացնողները ևս պետք է համապատասխան որակավորում ունենան։ «Ուրիշ մարդ չի կարող պարզապես քննություն վերցնել։ Պետք է լինի ավտոդպրոց, որը ունենա համապատասխան որակավորում և կարողանա այդ գործառույթն իրականացնել, կամ դա պետք է իրականացնի պետությունը»,- նշեց նա։

Քեհյանի խոսքով՝ նոր կարգավորումները պետք է մշակվեն այնպես, որ չվնասեն գործող ավտոդպրոցներին, հատկապես մարզերում գործող կազմակերպություններին, որտեղ նման ծառայությունների հասանելիությունն ավելի սահմանափակ է։

«Պետք է անել այնպես, որ բոլոր քաղաքացիների համար հասանելի լինի՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի