Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 17:17 22-07-2026

Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռուսաստան հայկական ձկան արտահանման շուրջ ստեղծված խնդիրներն ու ձկնաբույծների բողոքի ակցիաները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Ձկնաբույծները պահանջում են, որ կառավարությունը գործուն քայլեր ձեռնարկի՝ արտահանման խոչընդոտները հաղթահարելու և ոլորտը ճգնաժամից դուրս բերելու համար։ Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է քաղաքացիներից՝ արդյոք, նրանց կարծիքով, կառավարությունը կկարողանա աջակցել ձկնաբուծարաններին՝ իրենց արտադրանքի արտահանման հարցում։

«Կարծում եմ՝ կառավարությունը կաջակցի։ Աշխատում է տարբեր ուղղություններով, և, իմ կարծիքով, այս հարցում էլ կփորձի լուծումներ գտնել»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Մյուսները, սակայն, ավելի հոռետես էին։ «Ես իրենց չեմ հավատում։ Չեմ կարծում, որ կօգնեն։ Մինչև հիմա էլ չեն օգնել։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- նշեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ հարցված նույնպես համոզված էր, որ իրավիճակը հեշտ լուծում չունի. «Չեմ կարծում, որ կաջակցեն։ Այդ մարդիկ հիմա չգիտեն՝ իրենց արտադրանքը ուր տանեն»։

Քաղաքացիներից մեկը, ով հետևել էր ձկնաբույծների բողոքի ակցիաներին, նշեց. «Կարդացել եմ այդ մասին։ Իրենց հասկանում եմ, ճիշտ են։ Մինչև հիմա Ռուսաստան էին արտահանում, աշխատում էին, ապրում էին, իսկ հիմա ի՞նչ պիտի անեն։ Հույս ունեմ՝ խաղաղություն կլինի, ժողովուրդը գոնե կկարողանա աշխատել ու եկամուտ ունենալ»։

Կային նաև քաղաքացիներ, որոնք վստահ էին, որ կառավարությունը պարզապես այլընտրանք չունի։ «Պետք է աջակցի, ուրիշ ճար չունի»,- ասաց նրանցից մեկը։ Միևնույն ժամանակ, մի շարք քաղաքացիներ կասկած հայտնեցին, որ հնարավոր կլինի արագ նոր շուկաներ գտնել։

«Մինչև հիմա ոչ մի իրական քայլ չեմ տեսել։ Չեմ կարծում, որ այս հարցում էլ կարողանան մարդկանց օգնել»,- նշեց հարցվածներից մեկը։ Անդրադառնալով եվրոպական շուկա արտահանման հնարավորությանը՝ քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կախված է բանակցություններից։ «Եթե ցանկություն լինի, ամեն ինչ կարելի է համաձայնեցնել։ Ամեն ինչ պայմանավորվածությունների հարց է»,- ասաց նա։

Հնչեցին նաև առավել քննադատական կարծիքներ։ «Այսօր իշխանություններն այնքան զբաղված են իրենց խնդիրներով, որ ժամանակ չունեն ժողովրդի հարցերով զբաղվելու։ Իսկ ժողովուրդն է տուժում՝ ապրանքը փչանում է, մարդիկ վնասներ են կրում»,- նշեց հարցվածներից մեկը։ Մեկ այլ քաղաքացի համոզված էր, որ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր։

Նրա խոսքով՝ դեռ վաղուց էր պարզ, որ միայն մեկ շուկայից կախված լինելը վտանգավոր է։ «Պետք էր ժամանակին մտածել այլ շուկաների մասին։ Եվրոպայում շուկաները վաղուց ձևավորված են, այնտեղ մրցակցությունը մեծ է։ Պետք էր նախապես հասկանալ, որ մի օր կարող էին նման խնդիրներ առաջանալ»,- ասաց նա։

Հարցման մասնակիցների շրջանում հնչեցին նաև կարծիքներ, որ ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար միայն հայտարարությունները բավարար չեն։ Քաղաքացիները կարծում են, որ անհրաժեշտ են արագ և գործնական լուծումներ, որպեսզի ձկնաբուծարանները կարողանան շարունակել իրենց գործունեությունը և չկորցնեն արդեն իսկ արտադրած ապրանքը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով