Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի կրթության ոլորտում առկա խնդիրներին՝ դրանց պատասխանատվությունը կապելով նաև նախկինում ոլորտում ազդեցություն ունեցած անձանց հետ։ Մասնավորապես, Փաշինյանը կրթության ոլորտի խնդիրների համատեքստում հիշատակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունները։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ համաձա՞յն են արդյոք Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ, ո՞ւմ են համարում կրթության ոլորտի ներկայիս խնդիրների պատասխանատու և ի՞նչ լուծումներ են տեսնում ոլորտում։ Քաղաքացիների կարծիքները տարբեր էին։

Ոմանք համաձայն էին Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ, մյուսները՝ ոչ, իսկ մի մասը նշել է, որ կրթության ոլորտի խնդիրների պատասխանատվությունը պետք է դիտարկել ավելի լայն՝ հաշվի առնելով վերջին տասնամյակների կառավարման համակարգը։ Քաղաքացիներից մեկը նշեց, որ չի ցանկանում կոնկրետ գնահատական տալ, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը՝ հետևությունները թողնելով քաղաքացիներին։

Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով կրթության ոլորտին, նշեց, որ մասնագետ չէ և չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ վստահում է Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղղությանը։ Քաղաքացիներից մեկի խոսքով՝ կրթության ոլորտի խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն մասնագետները։

«Մենք ունենք բանասիրականից, ամեն տեղից կրթված մարդիկ։ Եթե իրենք զբաղվեն այդ հարցով, ամեն ինչ գլուխ կընկնի»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի կրթության ոլորտի վիճակը գնահատեց որպես վատ՝ ընդգծելով, որ դրա պատճառները պետք է փնտրել երկար տարիների ընթացքում։ Նրա խոսքով՝ կրթության ոլորտը երկար ժամանակ քաղաքականացված է եղել, և ոլորտի պատասխանատուների նշանակումները միշտ չէ, որ հիմնված են եղել մասնագիտական կարողությունների վրա։

«Կրթության վիճակը վատ է, որովհետև երկար ժամանակ կրթությունը քաղաքականացված է եղել։ 90-ականներից սկսած՝ մի հատ կրթության նախարար չկա, որ… հիմնականում քվոտաներով են գալիս, ու մարդիկ կան, որ ընդհանրապես կրթության հետ կապ չունեն։ Իմ կարծիքով՝ հարցը դրանում է»,- նշեց քաղաքացին։

Անդրադառնալով կրթության ոլորտի խնդիրների լուծմանը՝ մեկ այլ քաղաքացի կարևորեց ուսուցիչների աշխատանքի գնահատումն ու վարձատրությունը։ «Լուծումը տնից է գալիս, լուծումը դպրոցից է գալիս։ Լուծումը գալիս է նրանից, որ դասատուն ստանում է 100-150 հազար դրամ։ Այնտեղ կարող է, չգիտեմ, ինչ-որ մեկը 800 հազար դրամ ստանալ։ Դասատուն պատկերացնո՞ւմ եք՝ այդ մարդը սերունդ է կրթում»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞ւմ է համարում կրթության ոլորտի խնդիրների գլխավոր պատասխանատու, քաղաքացին պատասխանեց, որ պատասխանատու է վարչական կազմը՝ վարչապետի գլխավորությամբ։ Մեկ այլ քաղաքացի, սակայն, նշեց, որ կրթության ոլորտի ներկայիս վիճակի պատասխանատվությունը միայն Նիկոլ Փաշինյանի վրա դնելը ճիշտ չէ։

«Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն Փաշինյանի հետ։ Նրանք տարբեր մարդիկ են, տարբեր բնագավառների։ Կրթության նախարարությունն իր ճանապարհն ունի, իր ճիշտ դրած հիմքերը։ Ինձ թվում է՝ Փաշինյանը ճիշտ է աշխատում, բայց մարզպետի և Ծառուկյանի հետ դրանք կապ չունեն ընդհանրապես»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան