Ներքին 48 րոպե առաջ - 19:34 12-09-2026

Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել Վանաձորին Փամբակի 16 գյուղերը միավորելու օրենսդրական նախագիծը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ սա զուտ քաղաքական նպատակներով արվող խոշորացում է, որով իշխող կուսակցությունը ցանկանում է երաշխավորել իր հաղթանակը սպասվող ՏԻՄ ընտրություններում։

Oragir.News-ի հետ զրույցում գնահատելով կառավարության այս քայլը, Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը նշեց, որ այս խոշորացումը զուրկ է որևէ մասնագիտական հիմնավորումից։

«Այս պրոցեսը ուղղակի զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է, որովհետև որևէ տնտեսական, որևէ վարչական, որևէ սոցիալ-հոգեբանական կամ այլ փաստարկ դրա տակ չի կարող դրվել և չի կարող որևէ համադրելի, ինչ-որ չափելի միավորներով ասել, որ դա կամ ճիշտ կլինի, կամ սխալ»,- նշեց Ասլանյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն իրականում չունեն հստակ հաշվարկներ, և այս ամենը փորձում են քողարկել այլ դրդապատճառներով. «Որպեսզի կանխակալ վերաբերմունք չլինի, ուղղակի իրենք չունեն հաշվարկ, ուղղակի իրենք չունեն այլ փաստարկ, ու դա ներկայացնում են ընդամենը այլ ինչ-որ դրդապատճառներով խոշորացում, բայց իրական նպատակը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է»։

Խոսելով տեղի բնակիչների տրամադրվածության և նրանց հետ շփումների մասին՝ Վանաձորի նախկին քաղաքապետն ընդգծեց, որ հանրությունն ուղղակի իրազեկված չէ, թե ինչ է կատարվում, քանի որ որևէ ժողովրդավարական գործընթաց չի պահպանվել։

«Բնակիչները նախ տարաբնույթ կարող են լինել, երկրորդը՝ եթե մենք, ովքեր որ քաջատեղյակ ենք, եթե մենք հաշվարկներն ու չափելիությունը չունենք, բնակիչները ի՞նչ եզրակացություն կարող են անել։ Բացի այդ՝ դրա հետագա խնդիրների մասին բնակիչները չեն կարող մասնագիտական առումով խորամուխ լինել։ Ոչ մեկ էստեղ ոչ հանրային քննարկում է անցկացրել, ոչ հանրաքվե, ոչ էլ նորմալ իրազեկման ակցիաներ, որպեսզի բնակչությունը նորմալ կարծիք կարողանա կազմի»,- ասաց Ասլանյանը։

Մամիկոն Ասլանյանի համոզմամբ՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Վանաձորի՝ որպես առանձին քաղաքային միավորի դեմ ուղղված այս խոշորացումը տեղի չունենա։ Նա գտնում է, որ գյուղական բնակավայրերի զարգացման ու ներդրումների համար բոլորովին պարտադիր չէ քանդել քաղաքային միջավայրը։

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի՝ որպես քաղաքային առանձին միավորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա։ Կոնկրետ դրա գյուղական բնակավայրերը տարբեր փնջերով կարող են խոշորացվել ըստ տնտեսական, կառավարչական և ենթակառուցվածքային նպատակահարմարության, բայց դա ամենևին պետք չէ, որ բերեն զուտ քաղաքային մշակույթ կրող համայնքի հետ կապեն գյուղական միավորները և էդ գյուղ ու քաղաք տարբերակումները չկարողանան ճիշտ տալ և չհասկանալ՝ գյուղն է մտնելու քաղաքի մեջ, թե՞ քաղաքը գյուղի մեջ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Ասլանյանը շեշտեց, որ խնդիրը գյուղերին չօգնելը չէ, այլ կառավարման ճիշտ մոդել ընտրելը. «Էստեղ ամենևին խոսքը չի վերաբերվում գյուղում կատարվող աշխատանքների ծավալի, ներդրումների մասին, որովհետև էդ ներդրումները կարող են նաև այլ եղանակներով անել՝ համայնքային միավորումներ ստեղծելու միջոցով։ Հետևաբար, սա զուտ քաղաքական նպատակահարմարություն է»,- եզրափակեց Մամիկոն Ասլանյանը։

Հասմիկ Մովսիսյան