Ներքին 3 ամիս առաջ - 20:39 02-07-2026

«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը

Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել․

«Վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվում են որոշ պնդումներ, թե Երեւանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ս/թ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել ու վատթարացել է։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին եւ 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչեւ օրական 17 ժամ։

Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել եւ լավարկել էին հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր գործադրել հետեւյալ երկու ուղղություններով.
Երեւան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ,
Նոր ջրաղբյուրների հայտնաբերում եւ նոր ջրածավալների տեղափոխում քաղաք Երեւան։
Արդյունքում, գոհունակությամբ արձանագրում ենք, որ ս. թ. հուլիսի 2-ի դրությամբ Երեւան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչեւ մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը եւ Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։

Մասնավորապես, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երեւանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաեւ մի շարք մարզերում։
Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երեւան տեղափոխման ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես, Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։

Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։

Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների լիցքավորումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։

Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին