«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում դրական են գնահատում Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի առաջադրումը, և նրա շուրջ ձևավորվել է ներքին կոնսենսուս։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբինյանի առավելություններից են պատգամավորների հետ լավ հարաբերություններն ու միջազգային կապերը, իսկ իշխանության ներսում կարծում են, որ նա տարբեր արտաքին քաղաքական կենտրոնների համար ավելի ընդունելի թեկնածու է։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարության սպասվող փոփոխությունները դիտարկվում են ոչ միայն որպես կադրային վերադասավորումներ, այլև իշխանության նոր քաղաքական հաշվարկների մաս։
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաեւ իշխանական որոշ շրջանակներում։
Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաեւ ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։
Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաեւ Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո եւ ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետեւանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախեւառաջ՝ տնտեսվարողները։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 25-26-ին ՏԿԵՆ-ի ներկայացուցիչները ստուգումներ են իրականացրել Գյումրու համայնքապետարանում՝ ուսումնասիրելով փաստաթղթերն ու հաստիքացուցակները, իսկ որոշ փաստաթղթեր վերցրել են հավելյալ ստուգման համար։
Թերթի տեղեկություններով՝ ստուգումները տեղի են ունենում Գյումրու իշխանությունների նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին։ Նշվում է նաև, որ հուլիսի 3-ին նշանակված է ավագանու արտահերթ նիստ, իսկ քաղաքում շարունակում են քննարկվել կառավարման հնարավոր փոփոխությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին հետեւել է ոչ թե ՔՊ կենտրոնական գրասենյակից, այլ՝ կառավարական առանձնատնից։
Կեսգիշերն անց, երբ իրավիճակը դանդաղ բարդանում էր, Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ ընտրությունների արդյունքներն իրենց օգտին չեն զարգանում, եւ մինչեւ լուսաբաց իրավիճակը կարող է անշրջելի դառնալ, ֆորսմաժորային որոշում են կայացրել, որ Փաշինյանն ասուլիս տա ու հայտարարի, որ հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու, մնացածը` հետո կերեւա։
Մենք գրել էինք, որ շտաբում գտնվողների մեծ մասն ապշել է Փաշինյանի անսպասելի հայտարարությունից եւ թեթեւացած շունչ քաշել, որ «շեֆը լուծումը գտավ»:
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ի Իջևանի տարածքային կառույցը հունիսի 21-ին նշել է հունիսի 7-ի ընտրություններում կուսակցության հաղթանակը, իսկ հաջորդ օրը տարածքային կառույցի անդամ Լիլիթ Խաչատրյանը հրապարակել է տեսանյութ՝ «Նշում ենք մեր հաղթանակը» գրառմամբ։
Թերթը հակադրում է այդ տոնակատարությունը Տավուշի սահմանային խնդիրներին, հայ գերիների հարցին և Կիրանցի շուրջ զարգացումներին՝ նշելով, որ շատերի գնահատմամբ ՔՊ-ի հաղթանակը վիճարկվում է և չի ընկալվում որպես անվիճելի արդյունք։