Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:50 17-06-2026

Մի կողմից՝ Եվրոպա գնալու խոսույթ, մյուս կողմից՝ ռուսական հետախուզման գործ․ ինչու՞ ձերբակալեցին Վերբիցկուն

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռուս մաթեմատիկոս, բլոգեր Միխայիլ Վերբիցկին հունիսի 13-ին ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման շրջանակում։ Ռուսական կողմը նրան հետախուզում էր մի շարք հոդվածներով՝ կապված «ահաբեկչության արդարացման» և հրապարակային կոչերի վերաբերյալ քրեական գործերի հետ։

Վերբիցկու ձերբակալությունից հետո իրավապաշտպանները և նրա պաշտպանները մտահոգություն էին հայտնել, որ Ռուսաստանը կարող է դիմել Հայաստանին նրա արտահանձնման պահանջով։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ նման դեպքերում անձը կարող է պահվել մինչև 40 օր, եթե արտահանձնման պաշտոնական միջնորդություն ներկայացվի։

Սակայն մի քանի օր անց Վերբիցկին ազատ արձակվեց։ Նրա փաստաբան Վաչե Սիմոնյանի խոսքով՝ ազատ արձակման պատճառը եղել է այն, որ ռուսական կողմը սահմանված ժամկետում Հայաստանի դատախազություն չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերն ու պաշտոնական միջնորդությունը։

Ռուս իրավապաշտպանների գնահատմամբ՝ Վերբիցկու հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը չի արտահանձնում այն անձանց, որոնց նկատմամբ Ռուսաստանի քրեական հետապնդումը գնահատվում է որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Ինքը՝ Վերբիցկին, հայտարարել է, որ տեղյակ էր Ռուսաստանի կողմից հետախուզման մասին, սակայն չէր սպասում, որ Հայաստան ժամանելիս կձերբակալվի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իրավապահները իրեն հետապնդում են իր հրապարակային գործունեության և քաղաքական դիրքորոշումների պատճառով։

Այսպիսով, ըստ առկա տեղեկությունների, ռուսական կողմի նպատակը Վերբիցկու նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակում նրա հայտնաբերումն ու հնարավոր արտահանձնումն էր, սակայն այս փուլում գործընթացը չի շարունակվել՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։

Վերբիցկու դեպքը հանրային քննարկումների տեղիք է տվել։ Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից հայտարարում են եվրոպական ինտեգրման և ռուսական ազդեցությունից հեռանալու մասին, մյուս կողմից՝ գործում են Ռուսաստանի հետ գործող իրավական և միջպետական համագործակցության շրջանակներում։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

Քաղաքագետը նշել է, որ այս դեպքում գործ ունենք հիմնականում իրավական գործընթացի հետ, ոչ թե քաղաքական որոշման։

«Կարծում եմ՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք իրավական ձևաչափի և իրավական բովանդակության հետ։ Հաշվի առնելով միջպետական համաձայնագրերն ու պայմանագրերը՝ սա սահմանված ընթացակարգ է։ Ռուսաստանում ևս Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձինք կարող են ձերբակալվել և փոխանցվել հայկական կողմին, եթե ներկայացված են բավարար իրավական հիմքեր։ Հետևաբար, այս գործընթացում քաղաքական բաղադրիչ ես չեմ տեսնում»,- նշել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ նման դեպքերը պետք է դիտարկել գործող իրավական մեխանիզմների և պետությունների միջև համագործակցության համատեքստում, այլ ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշումների տեսանկյունից։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
21:40 Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ դրանք կվերսկսվեն վաղ առավոտյան