Դեռ չենք հասել բարոյական զարգացման այնպիսի մակարդակի, որ պետության ղեկավարին քծնողներ չլինեն, մանավանդ որ ղեկավարը քծնանքի կարիք ունի։ Նիկոլ Փաշինյանին հանրության մի մասը նրան չի սիրում։ Չսիրելու պատճառները մեծ մասամբ օբյեկտիվ են՝ պարտություն արցախյան պատերազմում, հազարավոր զոհեր, կորուստներ, աղետալի որոշումներ և այլն։ Ողջամիտ ու ազնիվ մարդը, ինչքան էլ անկեղծորեն համակրի Փաշինյանին, դժվարանում է նրա մասին միանշանակ դրական բաներ ասել, առանց հիշելու նրա աղետալի սխալները։ Այս բացը լրացնում են քծնողները, որոնք բազմացել են, և ենթադրաբար՝ գործում են ուղղորդված։
Փաշինյանին քծնող հայտնի բլոգերներից մեկի վերջին գրառման մեջ անդրադարձ կա Նիկոլ Փաշինյանի հեծանիվ վարելու նշանակությանը, վերջում ընգծում կա՝ «Վատ է, որ շատ հայեր չեն հասկանում մեր վարչապետի մտքի և հոգու խորությունը»։ Այս վիրավորական գնահատականից զատ մտահոգիչ է այն, որ բլոգերը Փաշինյանին ուղղված քծնանքում փորձել է թիրախավորել ժողովրդի մի հատվածին՝ արցախցիներին, բացահայտ անհարգալից արտահայտվել նրանց հասցեին։
Ինչո՞ւ են Փաշինյանին քծնողները արցախցիների հասցեին ատելություն տարածում։ Եվ արդյո՞ք հնարավոր է կանխել դա։
Ընդհանրապես՝ ժողովրդին մասերի, տեսակների բաժանելու և միմյանց դեմ թշնամացնելու խնդիր ունի չբարեկամը, որն այդպիսով փորձում է խաթարել հասարակական համերաշխությունը, նվազեցնել հավաքական դիմադրության պոտենցիալը, խախտել ներքին խաղաղությունը։ Եթե հաշվի առնենք, թե ովքեր են ՀՀ չբարեկամները, ապա կարող ենք ենթադրել, որ ժողովրդին տեսակների, մասերի բաժանողներն ու նրանց միջև ատելություն, թշնամություն հրահրողները ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամների գործակալներ կամ ազդեցության գործակալներ են, որոնք գիտակցաբար կամ թյուրիմացաբար գործում են ի շահ չբարեկամների, արհեստական բաժանումներ մտցնում ժողովրդի մեջ, ատելություն տարածում, քայքայում հասարակական համերաշխությունը, որն անհրաժեշտ է ոչ միայն արտաքին մարտահրավերները դիմակայելու, այլև ներքին խաղաղությունը պահպանելու համար։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Փաշինյանի թիմի որոշ բարձր պաշտոնյաներ, ՔՊ անդամներ և ՔՊ-ին ընտրողներ արցախցիներ են։ Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը ՀՀ քաղաքացի է դարձել և ընտրություններում տեսականորեն կարող է քվերակել ՔՊ-ի օգտին։ Այս առումով ենթադրելի է, որ ՔՊ-ում կգտնվեն ողջամիտ մարդիկ, որոնց ակտիվ միջամտությամբ այս հակաժողովրդական և վտանգավոր խոսույթը կվերացվի։ Այսինքն՝ լավատեսորեն կարելի է ենթադրել, որ եթե Փաշինյանին պաշտպանող բլոգերները ուղղորդվում են ՔՊ-ի կողմից, ապա Փաշինյանը հերթական դասընթացի ժամանակ կարող է հրապարակավ հանձնարարական տալ իրեն քծնողներին՝ տեսակների չբաժանել ժողովրդին, ներքին թշնամանք չհրահրել, մասնավորապես՝ ատելություն չտարածել արցախցիների հասցեին, քանի որ նրանք ոչ միայն ՔՊ-ական իշխանության հոգատարության, այլև միջազգային հանրության, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ուշադրության կենտրոնում են։
Անհրաժեշտ է բացատրել, որ ուշադրության առանցքում պահեն ոչ թե այն, ինչը բաժանում է, այլ ինչը միավորում է ժողովրդին։ Տվյալ դեպքում՝ Երևանում և Արցախում ծնվածներին միավորող շատ բան կա, որոնցից ամենաթանկը ՀՀ անկախությունն է, ՀՀ քաղաքացին, ազգային շահերը, երազանքները և այլն։ Հաջորդը ներդաշնակության բանաձևն է, ըստ որի՝ տարբերությունը մղում է մերձեցման։ Եթե քոլեջներում, բուհերում անցնեին «Ներդաշնակություն» (Harmonia) առարկան, որը յոթ արվեստներից մեկն է և հիմա էլ դասավանդվում է ազատ աշխարհի կրթօջախներում, ապա երկրորդ դասին կսովորեին նաև սոցիումի հետ ներդաշնակության բանաձևը։
Եվ ի վերջո՝ ողջամիտ մարդիկ կարող են բացատրել քծնողներին, որ մեր կողքին ապրող արցախցին նաև ՀՀ զինվոր է, որը պահպանում է ՀՀ սահմանը, ոստիկան է, որը պահպանում է ՀՀ կարգուկանոնն ու Փաշինյանի անվտանգությունը, բժիշկ է, որը բուժում է ՔՊ-ականին, ուսուցիչ ու դաստիարակ է, որոնք կրթում են ՔՊ-ականի երեխային, հարկ վճարող հերոսն է, որի կենացը խմում են ՔՊ-ում և այլն։
Կա նաև իրավական ճանապարհ։ Հանրային համերաշխության և ներքին խաղաղության ջատագով իրավաբանները արցախցների դեմ հրապարակավ ատելության տարածման այսպիսի մի փաստով կարող են մտնել դատարան, հասնել նրան, որ դատարանը կոնկրետ վճռով վերաբերմունք արտահայտի ժողովրդին տեսակների բաժանելու, ծննդավայրով պայմանավորված թշնամանք ու ատելություն հրահրելու փաստերին։ Այդպիսով գոնե իրավական լուծում կտրվի հարցին, ու պատասխանատվության կենթարկվեն չբարեկամների ջրաղացին ջուր լցնող, ժողովրդին տեսակների բաժանող, թշնամանք ու ատելություն հրահրողները։
Կարճ ասած՝ քծնողներին միավորող այլ խոսույթ է հարկավոր, քանի որ արցախցիներին տարանջատելը հակաժողովրդական է, անբարոյական, աղետալի, թշնամական, նույնիսկ՝ հակաքաղաքակրթական։ ՔՊ-ում այս պարզ բանը հասկացող չկա՞, թե՞ հենց ՔՊ-ից են ուղղորդում արցախցիների հանդեպ ատելության խոսույթը։
Թաթուլ Մկրտչյան