ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից։ Երեկ երեկոյան համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանում կանգնեցնում Ռոբերտ Քոչարյանին և թույլ չեն տալիս անցնել դեպի օդանավը։
Ինչպե՞ս է այս տեսանյութը տարածվել և հասանելի դարձել մամուլին։
Հանրային քննարկումներում նշվում է, որ այս տեսանյութն առաջինը տարածել է ՔՊ-ական օրգանը՝ civic.am-ը, կարծես՝ այս կայքի բացառիկ տեսանյութն է։ Հետագայում ջնջվել են հետքերը։
Բանն այն է, որ այս տեսանյութի տարածմամբ խախտվել են մարդու իրավունքները, այսինքն՝ հրապարակվել են անձնական տվյալներ։ Խախտվել է անձնական տվյալների պաշտպանության օրենքը։ Օդանավակայանում և բազմաթիվ այլ տեղերում հաճախորդը տեսանկարահանվում է անվտանգության նկատառումներով։ Օդանավակայանը հսկվում է ուժային կառույցների, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից։ Ռուսների դուրս գալուց հետո այստեղ միայն ՀՀ ծառայողներն են անվտանգություն ապահովում։ Նրանք են տնօրինում տեսանկարահանված տեսանյութերը։ Սակայն դրանք հանրայնացնելու իրավունք ունեն բացառիկ դեպքերում՝ դատարանի հատուկ թույլտվությամբ։ Օրինակ՝ երբ տեսախցիկն արձանագրել է ինչ-որ հանցագործություն, և օրինախախտին հայտնաբերելու համար իրավապահը դիմում է հանրության օգնությանը, ապա դատարանի որոշմամբ կարող է հրապարակվել ու տարածվել տեսահսկող սարքով նկարահանված տեսանյութը։
Ռոբերտ Քոչարյանի պարագայում խախտվել է անձնական տվյալների պաշտպանության օրենքը, քաղաքացու իրավունքը, առանց դատարանի որոշման՝ հրապարակվել է նրա մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա ցույց է տալիս իր անձնագիրը։ Եվ այս տեսանյութը հրապարակողը կարող է պատասխանատվության ենթարկվել քաղաքացու անձնական տվյալները, առանց հիմքի և առանց քաղաքացու համաձայնության, հրապարակելու համար։
Իրականում ամեն ինչ տեղավորվում է ՔՊ-ական վարքաբանության ու խոսույթի շրջանակում։ Փաշինյանն ու նրա հետևորդները դեռ քարոզարշավի ժամանակ հոխորտում էին մրցակիցների հասցեին, սպառնում նրանց, վիրավորական բառեր հասցեագրում, ենթադրում, որ մրցակիցներն ընտրություններից հետո փախչելու են Հայաստանից։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Փաշինյանն է հրահանգել ԱԱԾ-ին թույլ չտալ, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս գա Հայաստանից։ Հետո նրա մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում։ Տրամաբանական է, որ այն առաջինը պետք է հրապարակվեր ՔՊ-ի հետ ասոցիացվող կայքերում, որոնց շարքում առաջինը civic.am-ն է։
Կարճ ասած՝ ենթադրելի է, որ Փաշինյանը կարգադրել է ԱԱԾ-ին թույլ չտալ Քոչարյանին դուրս գալ ՀՀ-ից, հետո կարգադրել տեսանյութը տրամադրել civic.am-ին։ Ամոթալին այն է, որ ԱԱԾ-ն սպասարկում է Փաշինյանի քմահաճությունները՝ առանց հաշվի առնելու, թե ընթացքում ինչ օրենք ու իրավունք է խախտում։ Եթե սա շարունակվի, ապա ԱԱԾ-ի հեղինակությունը կընկնի, և նրան լուրջ չեն ընդունի ոչ միայն երկրից դուրս, այլև երկրի ներսում։ Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ քաղաքացիները ԱԱԾ-ին լուրջ չընդունեն, նրան վերաբերվեն որպես ինչ-որ մեկի անձնական քմահաճությունները կատարող կառույցի։
Այսպիսով՝ եթե քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտել է ԱԱԾ-ն, ապա պարտավոր է պարզաբանել, թե ինչ հիմքով է դա արել, օդանավակայանում ի՞նչ հանցանք կատարելու մեջ է կասկածվում Ռոբերտ Քոչարյանը, որ նրա մասնակցությամբ տեսանյութը տարածվում է համացանցում։ Եթե ոչ մի հիմք չկա, ապա ԱԱԾ-ն կարող է սրտիկ ցույց տալ սիրելի ժողովրդին և խոստովանել, որ ԱԱԾ-ի գործառույթները փոխվել են, և հիմա նա զբաղվում է ոչ թե ազգային անվտանգության խնդիրներով, այլ կատարում է Փաշինյանի մանր-մունր քմահաճությունները՝ առանց օրենքն ու իրավունքը հաշվի առնելու։
Թաթուլ Մկրտչյան