Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակեց Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը։ Այսպիսով՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվող գրեթե բոլոր տեսակի ապրանքների վրա արգելք է դրվել։
Սա խա՞ղ է, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել, բայց ժողովրդին չեն ասում, որ չվրդովվի։
ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ժողովրդավարական երկրները ՌԴ-ի դեմ տասնյակ պատժամիջոցներ են սահմանել։ Դրանք, ըստ էության, նույնպիսի սահմանափակումներ են, ինչպիսին կիրառում է այսօր ՌԴ-ն ՀՀ-ի դեմ։ Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ է վարում, զավթել է Ուկրաինայի որոշ տարածքներ, սպառնում է այլ երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հավակնում է վերականգնել երբեմնի ազդեցության գոտիները և այլն։ Այսինքն՝ ՌԴ-ի դեմ սահմանվող տնտեսական պատժամիջոցներն այս մեծ պատերազմի մի ճակատն են, ըստ էության՝ տնտեսական պատերազմ է ՌԴ-ի դեմ, որ վերջինս ճանաչի ուկրաինացի ժողովրդի ազատության իրավունքը, հրաժարվի ագրեսիվ նկրտումներից։
Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ սահմանվող արգելքներն ու հնչող սպառնալիքները տնտեսական պատերազմ են հիշեցնում։ Եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ է Ռուսաստանը պատերազմ սկսել Հայաստանի դեմ։
Հիշենք, որ հարկադրաբար ընդդիմադիր գործիչ դարձած գործարար Սամվել Կարապետյանը նախընտրական շրջանում ակնարկեց այս մասին․ «Հիմա պարզ է՝ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին...»։
Եթե Ռոսսելխոզնադզորի արգելքները որակենք տնտեսական պատերազմ, ապա այն սկսվել է ոչ թե հուլիսին, ինչպես կանխատեսում էր հայտնի գործարարը, այլ հունիսի 7-ից առաջ։ Հետևաբար՝ այն կապ չունի ընտրությունների արդյունքի հետ։
Ի վերջո՝ եթե սա տնտեսական պատերազմ է, ապա ինչո՞ւ Հայաստանը համարժեք չի հակադարձում, համարժեք սանկցիաներ չի կիրառում ՌԴ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ, դուրս չի հրավիրում ռուսական ռազմակայանը, լյուստրացիա ու դեսովետիզացում չի անում։ Ենթադրելի է, որ հայ գործարարները մեծ կորուստներ են ունեցել և պարտքերի տակ ընկել ռուսական արգելքների հետևանքով։ Եվ հասկանալի չէ, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի պաշտպանում հայ տնտեսվարողին և պատերազմական օրենքներով համարժեք չի հակադարձում, որ հայ գործարարի սիրտը հովանա։ Այս ոչ համարժեք արձագանքը կասկած է առաջացնում, որ սա տնտեսական պատերազմ չէ, այլ բազմակողմ պայմանավորվածությունների արտահայտություն։ Այդու՝ ենթադրելի է, որ ռուսները հրաժարվում են Հայաստանում իրենց դիրքերից, պատկերավոր ասած՝ հեռանում են Հայաստանից։ Դրա համար են խզում կապերը Հայաստանի, հայ գործարարների հետ։
Ուշագրավ է, որ Հայաստանի դեմ ռուսական արգելքները կիրառվեցին ընտրական շրջանում, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր Երևանի վրա, իսկ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր ուժերը հանդես էին գալիս ռուսամետ դրոշներով։ Եվ ԵՄ-ն, ժողովրդավարական երկրները ռուսական վտանգը հաշվի առնելով՝ միանգամից ձեռք մեկնեցին հայ ժողովրդին, պատրաստակամություն հայտնեցին գնել հայկական արտադրանքը։ Այսպիսով՝ ցրվեց այն հոռետեսությունը, թե հայկական արտադրանքը ռուսականից բացի՝ այլ շուկայում չի սպառվի։
Այստեղ անուրանալի դեր խաղացին նաև ռուսամետ ընդդիմադիրները։ Նրանց ակտիվությունը լրջացրեց ռուսական վտանգի մասին վախերը, մեծապես նպաստեց, որ ԵՄ շուկաների դռները միանգամից ու լայն բացվեն հայ գործարարի առաջ։ Այս առումով՝ ենթադրելի է, որ գործարարներին ընտրապայքարի մեջ ներքաշելու և նրանց ձեռքը ռուսամետության դրոշակ տալու հեռահար նպատակներից մեկն էլ սա էր, որ ԵՄ-ն միանգամից բացի դռները ռուսական փակ դարպասների առաջ շվարած հայկական արտադրանքի առաջ։
Այս ամենը համադրելով՝ ենթադրելի է, որ սա պայմանավորված խաղ է, որի արդյունքում ՀՀ-ն արագ տեմպերով կազատվի ռուսական տնտեսական կախվածությունից։ Ենթադրաբար՝ կշահի նաև հայ գործարարը, որը ժամանակի ընթացքում կբարձրացնի իր արտադրանքի որակը և կլուծի այլ շուկաներում իր ապրանքը սպառելու լոգիստիկ խնդիրները։
Կարճ ասած՝ եթե ռուսական արգելքները Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ են, ապա Հայաստանը պարտավոր է համարժեք հակադարձել։ Եթե համարժեք չի հակադարձում, ապա սա պատերազմ չէ, այլ պայմանավորված խաղ, որի արդյունքում ՀՀ-ի, հայ գործարարի համար բացվելու են ԵՄ շուկաները՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։ Ենթադրելի է նաև, որ գործարարները, չնայած մեծ վնասներ են կրում ռուսական արգելքների հետևանքով, սակայն հուսահատված չեն, քանի որ նրանց արտադրանքի իրացման նոր շուկաներ են բացվելու՝ ապահովելով շահույթ ու ավելի մեծ հարստություն, քան ռուսական խղճուկ շուկան։
Թաթուլ Մկրտչյան