Այո, կան ժողովուրդներ, որոնք անկախություն չեն ուզում։ Եվ անպայման չէ, որ նրանք մշակութաբանորեն ցածրակարգ լինեն, քաղաքականապես փոքրոգի, տգետ։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Վարչապետն ասել է, որ Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, ապա ընդգծել.- «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»։
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու հանրաքվե անել։
Քաղաքականապես անիրազեկը գուցե չիմանա, թե ՀՀ անկախության առումով՝ ի՞նչ տարբերություն կա՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ո՞ւմ է, թե՞ ԵՄ-ում։ Էական տարբերությունն այն է, որ ԵԱՏՄ երկրները ՀՀ ինքնիշխան իրավունքները չեն ճանաչում, իսկ ԵՄ երկրները ճանաչում են։ Սա ապացուցված փաստ է։ 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում ԵՄ անդամ երկրները հանդես եկան ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում, դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ, ՀՀ ինքնիշխան իրավունքների խախտումը։ Իսկ ԵԱՏՄ գլխավոր շահառու Ռուսաստանն ասաց, որ չգիտի, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները, և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։ Նրան ձայնակցեցին նաև մյուսները։ Այսպիսով ապացուցված է, որ ԵԱՏՄ երկրները ՀՀ անկախությանն ու ժողովրդավարությանը դեմ են։ Իսկ ԵՄ երկրները մինչ օրս պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին, որ կանխեն ագրեսիայի կրկնությունը։ Սրանից հետո բոլոր անկախականները ԵՄ-ին միանալու ջատագով դարձան և ակնկալեցին, որ ՀՀ իշխանությունն այսքանից հետո պետք է ձգտեր ԵՄ անդամ դառնալ։ Իսկ Փաշինյանն անում է հակառակը, հայտարարում է, թե իր համար ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի։
Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանի բացակայությամբ անցկացված նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Եթե Փաշինյանի համար նման հարց գոյություն չունի, ապա ինչո՞ւ էին 4 առաջնորդները նման կոչ անում Երևանին։ Այստեղ տրամաբանական խզում կա։
Ակնհայտ է նաև այն, որ ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալը ռուսական շահերից չի բխում, քանի որ Մոսկվան ձգտում է ՀՀ-ում խորացնել իր ազդեցությունը։ Համադրելով այս ամենն ու Փաշինյանի օգոստոսի 7-ի հայտարարությունը, ենթադրելի է, որ ռուսները հիշյալ կոչով ստիպեցին, որ Փաշինյանը հրապարակավ հայտարարի, թե չի ուզում ԵՄ-ին միանալու հայտ ներկայացնել, ուզում է մնալ այն երկրների հետ, որոնք ՀՀ անկախությանն ու ինքնիշխան իրավունքներին դեմ։ Չի ուզում լինել այն երկրների ընտանիքում, որոնք իր անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքում ամենօրյա պարեկություն են անում։ Օգոստոսի 7-ին, Փաշինյանն արեց դա։ Ռուսները նրա հայտարարությունը կմեծացնեն, ցույց կտան աշխարհին ու կասեն, թե տեսեք՝ հայ ժողովրդի առաջնորդն անկախություն չի ուզում, այլ ուզում է ռուսների հետ լինել։
Փաշինյանն այսօրվա հավաքին անդրադարձել է նաև ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ անցած տարի ընդունված օրենքին: «Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է»։ Սա արհամարհական վերաբերմունք է ոչ միայն ԵՄ-ի նկատմամբ, այլև օրենքի։ Օրենքը չի կարող լինել այլընտրանք։ Այսպիսի բան ոչ մի երկրում չի եղել։ Նույնիսկ ատաման Մախնոն օրենքի հանդեպ այսպիսի անհարգալից վերաբերմունք չի ունեցել։
Այսպիսով՝ Փաշինյանը հրապարակավ խոստովանեց, որ ռուսամետ կուրսը չի փոխելու։ Անկախականները, ժողովրդավարական ուժերը, արևմտամետները կարող են ողբալ այսօր։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը կարող է վերանայել իր արտաքին քաղաքական դիրքորոշումը, քանի որ Փաշինյանի օգոստոսի 7-ի ելույթից հետո պարզ դարձավ, որ ԱԺ անցած 3 ուժերը քաղաքական օրակարգի առաջին տասնյակ հարցերում միակարծիք են։ Այս միակարծիքությունը ժողովրդավարության ճգնաժամի է հանգեցնելու։ Քաղաքական գործիչները ստիպված պետք է ջանք գործադրեն, որ երկրորդական հարցերի շուրջ քննարկումները հետաքրքիր դարձնեն ժողովրդի համար։
Թաթուլ Մկրտչյան