Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ առկա են բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև կուսակցությունների հայտարարագրերը, հերթական անգամ խափանվել է։
Քաղաքացիները, որոնք փորձում են մուտք գործել հայտարարագրերի, հաշվետվությունների կամ այլ հանրային տեղեկատվության բաժիններ, արդեն 7 օր է, ինչ բախվում են «No data found» գրառմանը և փաստացի չեն կարողանում օգտվել հիշյալ տեղեկատվությունից։
Oragir.News-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ առկա է տեխնիկական խնդիր, որը կարգավորելու ուղղությամբ մասնագետներն այս պահին աշխատում են։ Մեր զրուցակիցը նշեց, որ այդ մասին հայտարարություն ևս տարածել են։
«Հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։ Աշխատանքների ավարտից անմիջապես հետո համակարգի բնականոն գործունեությունը և հայտարարագրերի ամբողջական հասանելիությունը կվերականգնվի»,- ասվում է հայտարարությունում։
Առաջին հայացքից սա կարող է թվալ տեխնիկական խնդիր, սակայն իրականում խոսքը պետական կարևորագույն կառույցի աշխատանքի կազմակերպման մասին է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այն մարմինն է, որը պետք է ապահովի թափանցիկություն, հաշվետվողականություն և հանրային վերահսկողության մեխանիզմների հասանելիություն։ Երբ այդ մարմնի պաշտոնական հարթակը օրեր շարունակ չի գործում, հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու քաղաքացիների տեղեկատվության իրավունքի խախտման համար։
Չմոռանանք, որ քաղաքացիները հարկեր են վճարում պետական համակարգի բնականոն աշխատանքի համար, սակայն փոխարենը բախվում են փակ տեղեկատվական պատերի։
Հանրային պաշտոնյաների հայտարարագրերը, գույքային տվյալները և այլ կարևոր տեղեկություններ պետք է հասանելի լինեն ցանկացած պահի։ Հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ոչ միայն տեխնիկական սպասարկման արդյունավետությունը, այլև պետական կառույցների նկատմամբ հանրային վստահությունը։
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԿԿՀ պաշտոնական կայքը խափանվում է, և հայտարարագրերը դառնում են անհասանելի։ Նախկինում ևս նման դեպքեր գրանցվել են,
Oragir.News-ը բարձրաձայնել է դրանց մասին, իսկ հետո՝ օրեր անց, այն կարգավորվել է։
Հասմիկ Մովսիսյան