Բագրատ Սրբազանը զրպարտության գործով հաղթել է «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, պրոիշխանական հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն
Oragir.News-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս գործը տարբերվում է մինչ այժմ մերժված բազմաթիվ հայցերից։ Նա պարզաբանեց, թե ինչու պետք չէ այս գործը կապել Բագրատ Սրբազանի քրեական հետապնդման հետ՝ ընդգծելով քաղաքացիական և քրեական դատավարությունների տարբերությունը։
«Զրպարտանքի և վիրավորանքի գործերը քննում են քաղաքացիական դատավորները, որտեղ քաղաքական ճնշումները, իհարկե, էլի հասել են, բայց էդ նույն ծավալում չեն, ինչը որ քրեական արդարադատության ոլորտում։ Դեռևս քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում կան մարդիկ, ովքեր չեն վախենում իրավաչափ դատական ակտեր կայացնել»,- ասաց նա։
Սողոյանի խոսքով՝ դատավորները մի կողմից ցույց են տալիս ներքին համակրանք, բայց եզրափակիչ որոշումով արձանագրում են, որ կա՛մ ինքնագրաքննվում են, կա՛մ գտնվում են ուղիղ ազդեցության տակ, մինչդեռ այս դեպքում գործը քննած դատավոր Հովհաննես Մելքոնյանը ճիշտ ու համարձակ որոշում է կայացրել։
Փաստաբանը նաև ուշագրավ է համարում Հարություն Մկրտչյանի արձագանքը դատական վճռից հետո. «Երեկ շատ զավեշտալի տեսարաններ էին, երբ դատական ակտը ստանալուց հետո Հարություն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ բողոքում էր Նիկոլ Փաշինյանին, թե ինչու է թույլ տալիս, որ այսպիսի դատական ակտեր կայացվեն Հայաստանում։ Սա, օրինակ, խոսում է իրավագիտակցության մակարդակի մասին, որովհետև նույնիսկ վճիռը կարդալով՝ չի ըմբռնում թույլատրելի խոսքի սահմանները և չի հասկանում, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման ռեժիմ»։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի հնարավոր ազատ արձակմանը՝ Սողոյանը գրեթե բացառում է նման զարգացումը մինչև ընտրությունները. «Եթե ինչ-որ ֆորսմաժորային կամ անհնարին պատկերացումների ժանրից բաներ չլինեն, գրեթե բացառում ենք Բագրատ Սրբազանի ազատ արձակվելը։ Նոր ունենք դատարանի որոշումը, որով ոչ թե երեք ամսով, այլ երկու ամսով է երկարացվել կալանքը, և դա հենց իր մեջ քաղաքական մեսիջ է պարունակում, որ առնվազն հունիսի 7-ի դրությամբ Բագրատ սրբազանը ազատության մեջ չի լինելու»։
Ինչ վերաբերում է խափանման միջոցի հնարավոր փոփոխությանը, փաստաբանը շեշտում է, որ այս հարցում կարևոր է Բագրատ Սրբազանի դիրքորոշումը, ով համաձայն չէ, որ իր նկատմամբ տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք կիրառվի։ Ըստ նրա՝ այս երկընտրանքի պարագայում անհնար է, որ դատավորը համարձակվի ընդհանրապես խափանման միջոց չկիրառել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան