«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը փաստացի հաստատում է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրավիճակն այնքան էր սրվել, որ իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցություններին։ Թեև գերատեսչությունը խուսափում է անդրադառնալ «արհեստական գործադուլի» և հնարավոր սաբոտաժի մասին հարցադրումներին, պատասխանից ակնհայտ է դառնում՝ հանքում առկա դժգոհությունները ստիպել են ընկերությանը վերանայել աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։
Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրավապահները շարունակում են մասսայաբար ապօրինի գաղտնալսել ընդդիմադիրներին։
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալության մասին, որն իրականացվել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից։
Մենք տեղեկացանք, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր ուժի երեք համակիր` ձեռագիրը նույնն է, ձայնագրել են մարդկանց մասնավոր զրույցները եւ գտել, որ դրանցում ընտրակաշառքի մասին ակնարկներ են արվել։
Երեկ էլ Շիրակի մարզում կատարված խուզարկությունների արդյունքում չորս հոգու էին ձերբակալել։ Ընդդիմադիրների որսը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում էլ է շարունակվելու, փորձում են դրանով վախեցնել ժողովրդի աչքը։ Այս ձերբակալություններն ու գաղտնալսումները բավարար են, որ արդեն իսկ ընդդիմությունը հայտարարի, որ «ընտրությունները կեղծվել են», որովհետեւ ընտրությունների կեղծումը միայն քվեարկության օրը չի կատարվում, այլ շատ ավելի վաղ է սկսվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։
Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով պատասխանելը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երեկ վերջնականապես բացեց խաղաքարտերը եւ Խնձորեսկում դիմավորելով քարոզարշավի մեկնած Նիկոլ Փաշինյանին ու խոնարհվելով նրա առաջ` փարատեց բոլոր կասկածներն ու պատասխանեց հարցին՝ ինքն աշխատելո՞ւ է ՔՊ-ի օգտին, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, չնայած նա որոշ ընդդիմադիր շրջանակների խոստացել է, որ նրանց համար է աշխատելու, սակայն ՔՊ-ական շրջանակներից վստահեցրին, որ Փարամազյանն իրենց կոնտրոլի տակ է` չի կարող իրենց գլխից թռնել, քանի որ նրա գլխին քրեական գործեր կան կախված, ու եթե մինչեւ այս պահն ազատության մեջ է, միայն այն բանի շնորհիվ, որ իրենց «պետք է»։
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:
Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։
Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ: