ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունն
Oragir.News-ին վիճակագրական տվյալներ է տրամադրել Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի, զոհերի, վիրավորների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ վերջին տարիներին զոհերի թիվը որոշակիորեն նվազել է։
2023 թվականին Հայաստանում գրանցվել է 4613 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 378 մարդ, իսկ 6537-ը ստացել մարմնական վնասվածքներ։
2024-ին արձանագրվել է 4314 պատահար, զոհերի թիվը կազմել է 333, վիրավորներինը՝ 6116։
2025-ին պատահարների թիվը կրկին աճել է՝ հասնելով 4784-ի, զոհերի թիվը կազմել է 283, իսկ վիրավորներինը՝ 7073։
2026-ի առաջին եռամսյակում արդեն գրանցվել է 979 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 44 մարդ, իսկ 1415-ը ստացել է մարմնական վնասվածքներ։
Թվերը ցույց են տալիս, որ, չնայած մահերի նվազմանը, ընդհանուր իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ՝ պայմանավորված պատահարների և վիրավորների աճով։
Միջազգային կառույցների գնահատականները ևս ընդգծում են խնդրի լրջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Global Status Report on Road Safety 2023» զեկույցի համաձայն՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը կազմում է մոտ 16–18 մարդ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով։
Եվրոպական տրանսպորտային անվտանգության խորհրդի (ETSC) վերջին տարիների PIN զեկույցներում Հայաստանը նշվում է որպես ճանապարհային պատահարներից մահացության բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում՝ եվրոպական միջինից բարձր մակարդակով։
Միևնույն ժամանակ, խնդրի ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ պատահարների պատճառների վերաբերյալ ամբողջական պատկեր չի ներկայացվում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից
Oragir.News-ին հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարներին առնչություն ունեցող անձանց իրավախախտումների և պատահարների պատճառների վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում։ Սա նշանակում է, որ բացակայում է պատահարների պատճառների թվային բաշխումը և պարզ չէ, թե պատահարներից քանի՞սն են տեղի ունեցել արագության գերազանցման, ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության, ճանապարհների վիճակի, տրանսպորտային միջոցների անսարքության կամ հետիոտնի մեղավորության պատճառով։
Նույն կերպ առանձին տվյալներ չեն վարվում այն մասին, թե քանի վարորդ է ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև՝ քանի վարորդ է զրկվել վարորդական իրավունքից ճանապարհատրանսպորտային պատահարների համատեքստում։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ճանապարհային անվտանգության արդյունավետ կառավարումը հիմնված է տվյալահեն քաղաքականության վրա՝ հստակ պատճառների բացահայտմամբ և թիրախային միջամտություններով։ Հայաստանում համապարփակ ուսումնասիրության բացակայությունը դրականորեն չի անդրադառնում պատահարների կանխարգելման արդյունավետության և երթևեկության անվտանգության մակարդակի վրա։
Բացի մարդկային կորուստներից, խնդիրն ունի նաև տնտեսական լուրջ հետևանքներ։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանի տարեկան կորուստները կազմում են երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 3.2 տոկոսը, ինչը հավասար է մոտ 362 մլրդ դրամի։
Այս ամենը հաշվի առնելով, կարելի է ասել, որ զոհերի թվի տարեցտարի նվազումը դեռևս չի նշանակում իրավիճակի էական բարելավում, քանի դեռ չեն լուծվել համակարգային խնդիրները տվյալների հավաքագրման, վերլուծության և ավելի արդյունավետ քաղաքականության իրացման ուղղությամբ։
Անի Կեսոյան
Անի Կեսոյան