«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երևանում հեղուկ գազի գնի հերթական թանկացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև իշխանությունների բացահայտ ձախողման հերթական ապացույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը ահազանգեր է ստացել վարորդներից․ գինը հասել է 250 դրամի՝ դառնալով հերթական հարվածը, առանց այն էլ ծանրաբեռնված քաղաքացիների համար։
Սակայն առավել մտահոգիչը ոչ թե գնի բարձրացումն է, այլ այն փաստը, որ այս իրավիճակը վաղուց արդեն դարձել է «նորմալ»՝ իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Հեղուկ գազի շուկայում տիրող քաոսը շարունակվում է ամիսներ շարունակ, իսկ պատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլ կարծես ընդհանրապես դուրս են մնացել գործընթացից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մրգաշենում սպանված ատամնաբույժի դեպքը իրավապահ համակարգում խիստ մտահոգության տեղիք է տվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք մարզերի և Երևան քաղաքի իրավապահ համակարգի ղեկավար կազմը որոշել են խիստ ուշադրության կենտրոնում պահել բոլոր ագրեսիվ, աչքի ընկնող, միջադեպերի կիզակետերում հայտնված երիտասարդներին, քանի որ նրանց մասնակցությամբ դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տվել։ Ուստի հնարավոր ողբերգական դեպքերը կանխելու համար նրանց կիզակետում պահելու գործընթացը ուժեղացվել է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից հաշված շաբաթներ առաջ իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային` քերում են անգամ ամիսներ առաջ փռած ասֆալտը, նորը լցնում՝ փորձելով աշխատանքի իմիտացիա ստեղծել՝ հուսալով, որ դրանք հավելյալ քվեներ են բերելու։
Մեզ պատմեցին, որ Էջմիածնի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը, որ նոյեմբերին է ընտրվել պաշտոնում, քաղաքի գրեթե բոլոր փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ է կրկին իրականացնում, այն դեպքում, երբ իր ընտրություններից առաջ էլ նույն աշխատանքները տարվել են։
Մեզ պատմեցին նաեւ, որ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի գունագեղ շատրվաններն էլ, որ ընդամենը երկու տարի առաջ էին վերանորոգել, եւ 170 մլն դրամ էր դրա վրա ծախսվել, ու բացմանն էլ Փաշինյանն էր մասնակցել, կրկին վերանորոգում են։ Սա նշանակում է, որ ընտրություններից առաջ տեղական չինովնիկներն առիթը բաց չեն թողնում՝ բյուջեն մսխելու։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի հաղթահարում Գյումրիի ֆիասկոն եւ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հրահանգել է մարզպետներին, որ նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հերթով հանրահավաքների նախապատրաստություն տեսնեն մարզկենտրոններում եւ ցրեն Գյումրվա խայտառակ տպավորությունը։ Մարզպետներին ուլտիմատում է տրվել՝ կա՛մ ապահովում եք բազմամարդ հավաքներ, կա՛մ հրաժեշտ եք տալիս ձեր պաշտոններին։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը տարեսկզբին 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը նրան ազատ արձակելու դատարանի որոշումը բողոքարկել էր վերադաս ատյան։
Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ։
«Իրավունք» թերթը գրում է.
«Կառավարական աղբյուրներին մոտ կանգնած անձինք մտերիմ շրջապատում շարունակում են քննարկել Աննա Հակոբյանի` Փաշինյանի կողքին կրկին հայտնվելու փաստը։ Եվ ահա, շրջանառվող լուրերի համաձայն, Աննան չէր հայտնվի Գյումրիում, եթե պատահաբար չհայտնվեր Փաշինյանի ուղիղ եթերի կադրում։
Հենց դրանից հետո, ըստ նույն լուրերի, Փաշինյանն Աննային համոզել է, որ հետը գնա Գյումրի։ Եվ պատճառը հենց դա է, որ վերջինս ամենուր դժգոհ դեմքով էր, ինքը՝ Աննան, ասում են, դրանից օրեր առաջ էր վերադարձել Կառավարական կեցավայր»։
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի մտերիմ շրջապատից տեղեկանում ենք, որ վերջինս բավականին դժվար կացության մեջ է հայտնվել:
Ռուսաստանաբնակ հայազգի մեդիա մենեջեր Արամ Գաբրելիյանովին արձագանքելն էլ համարում է պահի ազդեցության տակ կատարած սխալ: «Իր համար հանգիստ լռված էր, սաղ մոռացել էին, հիմա մարդը չգիտի` ինչ անի, ում դեմ էլ հելնի լաբավոյ խոսա, կրկնակի ավելի մեծ հարվածի տակ է ընկնելու:
Մտածում է, որ Գաբրելիյանովին պատասխանելն էլ հեչ պետք չէր»,-ասաց Գասպարյանին մոտ կանգնած աղբյուրը: