Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:00 22-04-2026

Բարեփոխո՞ւմ, թե՞ ընտրակաշառք․ զինվորականների հավելավճարները տրամադրելու փոխարեն նրանց խոստումներ են շռայլում

Բարեփոխո՞ւմ, թե՞ ընտրակաշառք․ զինվորականների հավելավճարները տրամադրելու փոխարեն ՊՆ-ն խոստումներ է շռայլում

Հատուկ գումարտակի մարտիկները դեռ սպասում են իրենց հավելավճարներին, որոնք օրենքով պետք է ստանային․ 1-1.5 մլն դրամի չափով գումարները շուրջ մեկ տարի է, ինչ փաստացի իրենցից շորթում են։

Պաշտպանության նախարարությունը դեռ չի պատասխանել Oragir.News-ի եթերում բարձրացված հարցերին և պաշտոնական հարցմանը՝ այն մասին, թե զինծառայողները ե՞րբ կստանան իրենց վաստակած գումարները։ Փոխարենը մեզ հաղորդում են նոր որոշման մասին, որը դեռ հայտնի չէ, թե երբ կմտնի ուժի մեջ, իսկ ընդհանուր առմամբ, նախընտրական անորոշ հույսի տեսք ունի։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանում կփոխվի ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները, ինչպես նաև կկատարվի լրացուցիչ վճարումների հաշվարկ այն զինծառայողների համար, ովքեր մարտական պարտականություն են իրականացնում 2020 թվականի ռազմական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում․ դրա մասին կառավարության նիստում շաբաթ օրն է ընդունվել որոշում, որի նպատակն է, ինչպես նշվում է «հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզության ստորաբաժանումներում ծառայելն ավելի գրավիչ դարձնել»:

Որոշումը նախատեսում է տարեկան լրացուցիչ ծախսեր, որոնց համար 2026 թվականին Պաշտպանության նախարարությունը կտրամադրի շուրջ 3,5 մլրդ դրամ (9,2 մլն դոլար) պետական միջոցներ:

Որոշման մեջ նշվում է, որ ներկայումս ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները ստանում են արտոնյալ պայմաններով պարգևավճարներ, իսկ պարգևավճարների հաշվարկի պարամետրերը և դրանց չափերը տարբեր են․ «Ընդունված որոշումը կպարզեցնի պարգևավճարների հաշվարկման, փաստաթղթավորման և բաժանելու գործընթացը»:

Հիմա տրամաբանենք։ Եթե, իրոք, այս որոշման նպատակը ոլորտն առավել գրավիչ դարձնելն է, ապա ՊՆ-ն պիտի կանխեր զինծառայողների գումարները գրպանելու հնարավորությունը, իսկ դրա մասին ահազանգից հետո անհապաղ հետաքններ դեպքը, կատարեր իր պարտավորությունները՝ վճարելով զինծառայողներին, հրապարակավ պատժեր մեղավոր(ներ)ին։ Փոխարենը՝ նույնիսկ խնդրի մասին հրապարակումից երկու ամիս անց Հատուկ գործողությունների գումարտակի մարտիկները չգիտեն, թե այս ապօրինությունը որքան է շարունակվելու, որոշակի պատասխան չի տրվում նաև մեր՝ այս խնդրի վերաբերյալ ուղարկված հարցումներին։

Իսկ կառավարությունը փոխում է այս զինծառայողների վճարման կարգը․ «դարձնում են ավելի գրավիչ»։ Հիմա հարց է առաջանում՝ իսկ նախկին ֆինանսական պարտավորություննե՞րը, իսկ ե՞րբ է այս օրենքը սկսելու գործել, ո՞ր ամիսների վրա է տարածվելու, ի՞նչ է նշանակում «պարզեցված հաշվարկում», խնդիրը «բարդ հաշվա՞րկն» էր, որ գումարն այդպես էլ զինծառայողներին չէր հասնում, Պն-ն չի կարողանում «բարդ հաշվարկ» անելու ընդունակ հաշվապա՞հ գտնել, որ բարդագույն պայմաններում իրենց ծառայությունն իրականացնող լավագույն մարտիկներին իրենց հասանելիք հավելավճարները կարողանա հաշվել և փոխանցել։

Սրանք բաց կետերն են այս որոշման, բայց, վստահաբար, այս հարցերն էլ եթե պաշտոնապես ուղարկենք ՊՆ, կարժանանան մեր մյուս հարցերի ճակատագրին։ Այնպես որ, սիրելի ընթերցողներ, հերթական «գրավիչ» որոշման մասին այս առկախված հարցերը հանձնում ենք ձեր նախընտրական տրամադրությանը՝ բյուջեով չհաստատված, բայց տասը հազար դրամով բարձրացված թոշակների, Առողջապահության համընդհանուր կաղ ու կույր ապահովագրության, ԲՏԱՆ անորոշ հույսով հայտարարվող ցնցող ծրագրերի, թանկացած, բայց խնդրահարույց տրանսպորտի, Աջափնյակի մետրոյի և նախընտրական՝ շատ արագ քայքայվող ասֆալտի այլ կտորների հետ մեկտեղ։

Հավելենք նաև, որ ընտրություններից առաջ շատ կարևոր է ստանալ ոստիկանների անմռունչ ենթակայության երաշխիքը (դիմացը ցույցեր ցրել կա, դաժանորեն բերման ենթարկելու հրահանգներ, անհիմն ձերբակալությունների անհրաժեշտություն և այլ միջոցառումներ)․ և ահա նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Կառավարությունը հավանություն է տվել (Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից․ Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը – Ministry of Internal Affairs of the Republic of Armenia) ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։

Եվ ծանոթ ձևակերպումը․ նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։

Դեռ շուրջ յոթ շաբաթ կա․ սպասենք նոր գրավիչ հայտնությունների (որոշումների, սրտիկների, լապշաների, ասֆալտների, կտերի)։

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան