Ներքին 2 ամիս առաջ - 13:30 30-03-2026

Բարեփոխո՞ւմ, թե հերթական նախընտրական խոստում պետբյուջեի հաշվին․ համազգեստի նոր նմուշները՝ կոմերցիոն մշուշում

Այս տարվա հունվարի 15-ին ներկայացվեցին ՀՀ զինված ուժերի նոր նմուշի դաշտային համազգեստի տարբերակներ՝ ամառային, աշնանային և ձմեռային։

Oragir.news-ը պարզաբանում էր խնդրել ՊՆ-ից համազգեստի նմուշների ներկայացման մասին․ թե ինչու էր այս նախընտրական շրջանն ընտրվել դրանք ներկայացնելու համար, հարցրել էինք նմուշների որակի, զինվորականներին տրամադրելու ժամանակային միջակայքերի և գնման ընթացակարգի մասին։

Մեզ տրամադրված անբովանդակ պատասխանի մեջ նշվում էր, որ Պաշտպանության նախարարը խոսել է համազգեստի մասին իր ասուլիսներից մեկի ժամանակ։ Այո, խոսել է, սակայն մեր բարձրացրած հարցերի պատասխաններն այդ ասուլիսում և դրանից հետո պաշտպանական գերատեսչության որևէ պաշտոնյայի հրապարակային խոսքում չկա։

Ըստ այդմ, մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում համազգեստի փոփոխության հետ կապված մի շարք դիտարկումների վրա՝ անժամանակ, նախընտրական լինելու, զինվորականների համար նոր անհարմարություններ ստեղծելու, քողարկման նախշի ու գունային գամմայի՝ ոչ միշտ ճիշտ ընտրության առումով։

Հիշեցնենք, որ համազգեստի փոփոխության անհրաժեշտության մասին մասնագետները խոսում էին դեռ 5 տարի առաջ՝ փաստելով, որ առկա զինվորական համազգեստն ասոցացվում է 2020-ի 44-օրյա պատերազմի անփառունակ ավարտի հետ։ Համազգեստը շտապ փոխելու անհրաժեշտությունը մասնագետները պայմանավորվում էին բանակում պարտության հետ ասոցացվող գոնե մի երևույթի հնարավորինս արագ չեզոքացման հրատապությամբ՝ մարտական ոգու վերականգնման և բարձրացման համար։ Սակայն փաստորեն, համազգեստի նոր նմուշները ներկայացվեցին միայն հիմա՝ հինգ տարի անց՝ այս նախընտրական շրջանում։ Այս փոփոխությունը վերաբերում է հանրային լայն շրջանակի, իսկ հանրությունն առանձնապես չի ցանկանում բանակին վերաբերող բարեփոխման մեջ խնդիրներ նկատել, ենթագիտակցորեն, փող չի խնայում իր սիրելի բանակի համար, մինչդեռ նմանատիպ թանկարժեք ու լայնածավալ փոփոխությունը նախընտրական շրջանում միանշանակ զուգահեռվում է պետության ռեսուրսներով կուսակցության վարկանիշը բարձրացնելուն։

Նոր համազգեստի որակի, նախնական գնահաշվարկով ներկայացված արժեքի, առկա համազգեստից որակական տարբերությունների, առավելությունների մասին մեր բոլոր հարցերը մնացել են անպատասխան․ նախարարի ասուլիսում ևս դրանց անդրադարձ չկա։ Եվ եղած այս տվյալներով՝ չենք էլ կարող ասել՝ այս փոփոխությունը դեպի լավն է, թե՝ հակառակը։

Չկան պատասխաններ նաև այն հարցին, թե ե՛րբ է նախատեսվում հին համազգեստի մոդելը ողջ զորքի համար փոխարինել նորով՝ այդ փոխարինումը լինելու է միանգամից, թե փուլերով, նույն մոդելներն են կրելու նաև 25-օրյա հավաքների կանչվող աշխարհականները, թե՝ ոչ։ Այնպես որ այս նախաձեռնությունը ևս կարող է դառնալ հերթական «անունը կա, ամանում չկա» սկզբունքով անորոշություն․ իրենք հայտարարեցին բարեփոխման մասին, մենք ուրախացանք, էլ ինչի՞ գործ անեն․ դա թանկ է։

Համազգեստի վաճառքն արգելելու մասին լուրերը շարունակում են պարուրված մնալ կոմերցիոն մշուշով․ հարցերի այս փունջը ևս անպատասխան է, այնպես որ ուղղակի հիշեցնում ենք, որ զինվորական խանութներում համազգեստի նոր մոդելների վաճառքի արգելքը դրական կամ բացասական կարող է համարվել միայն այն լուրից հետո, թե ինչ հաճախականությամբ է զինծառայողներին տրվելու զգեստի նոր՝ հերթական փաթեթը, ի՞նչ ընթացակարգով է համազգեստի՝ պատռված - աննորոգելի վնասված մի մասը (վերնաշապիկ, տաբատ) փոխարինվելու նորով (և կրկին կապ ունի կտորի որակը, կարի որակը ձևվածքի հարմարավետությունը ֆիզիկական պատրաստության դասերի, ակտիվ վարժանքների համար․ այդ ամենի մասին հագնվող տղաների պաշտոնական տեսանյութը ոչինչ չի կարող ասել)։

Եվս մի դիտարկում․ հայտնի է, որ զինվորական համազգեստների արտաքին տեսքի՝ քողարկման նախշի ընտրության հիմքն է այն տեղանքը, որտեղ անցնելու է զինծառայությունը, ինչպես նաև՝ եղանակային պայմանները։ Ներկայացված այս մոդելները՝ ամառային, աշնանային և ձմեռային, դեղնադարչնագույն են և մեր տեղանքում ճիշտ են երեք եղանակների և տարածքի միայն մի մասի պարագայում․ նախատեսվում են արդյոք այլ քողարկման նախշեր, և ինչու է որոշվել դեղնադարչնագույն թողնել նաև ձմեռային համազգեստը, երբ մեր եղանակային պայմաններում այն ենթադրվում է, որ պիտի լիներ ճերմակ՝ սև-շագանակագույն բծերով․․․ արդեն գիտեք, որ չգիտենք։

ՊՆ-ից չեն պատասխանել նաև ծախսերի մասին հարցերին՝ որքա՞ն գումար է տրամադրվել համազգեստի փոփոխության նախագծին՝ հետազոտական աշխատանքներից մինչև նմուշների ներկայացում, և ի՞նչ գնով է ձեռք բերում պետությունը համազգեստի մեկ ամբողջական փաթեթը։

Բնավ չբացառելով, որ առաջարկվող նոր համազգեստը մի աննման հրաշք է, այնուամենայնիվ, դեպքերի ժամանակագրությանը հետևելով՝ կարող ենք փաստել, որ թանկարժեք այս փոփոխության նախընտրական փայլուն բեմելը կարող է լինել մայիսյան շքերթի (փաշինյանական հաշվետվության) ժամանակ՝ թաքուն ուղերձով․ ուզո՞ւմ եք, որ ձեր որդիներն էլ կրեն այս համազգեստից, ընտրեք մեզ։ Թե չէ, որ մենք չլինենք, համազգեստ չի լինի, խաղաղություն չի լինի, արհեստական բանականություն էլ չի լինի․․․ դե մնացածը գիտեք։