Հանրային հեռուստաընկերությունն յութուբյան իր էջում հրապարակել է Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, որը հանրային մեծ արձագանք է ստացել։ Ենթադրելի է, որ ֆիլմը կարող է ազդել ԱԺ առաջիկա ընտրությունների արդյունքի վրա, հաշվի առնելով այն, որ առաջատար որոշ ուժեր ռուսամետ դիրքավորում ունեն։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, ով նշել է, որ դժվար է կանխատեսել՝ արդյոք ֆիլմը ազդեցություն կունենա առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։
«Չեմ կարող ասել՝ ֆիլմը կազդի՞ ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ։ Դեռ պարզ չէ նաև, թե այն ինչ արձագանքի կարժանանա և որքան լայն դիտում կունենա»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ ֆիլմը պետք է ցուցադրվեր ավելի վաղ, և դրա ցուցադրության խոչընդոտումը պայմանավորված էր քաղաքական մոտիվներով։
«Կարծում եմ՝ ֆիլմը ժամանակին պետք է ցուցադրվեր։ Փաստ է, որ փորձ է արվել խոչընդոտել դրա ցուցադրությունը՝ ընդհուպ մինչև դատարան դիմելը։ Իմ կարծիքով՝ իշխանությունները չեն ցանկանում տեսնել կամ լսել նյութեր, որոնք վերաբերում են մեր անցած հաջողություններին։ Մինչդեռ մենք ունեցել ենք նման ժամանակաշրջաններ, հատկապես 90-ականներին, որոնք կարելի է գնահատել որպես հաջողությունների շրջան»,- նշեց նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ հենց այդ հաջողությունների ներկայացումն է, որ կարող է անհարմար լինել իշխանությունների համար։
«Հնարավոր է՝ այդ հիշողությունները նրանց համար ցավոտ են կամ անհարմար, և դրա համար չեն ցանկանում, որ այդ թեմաները հանրայնացվեն»,- ասաց Հարությունյանը։
Նրա գնահատմամբ՝ ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկը, հատկապես դատական գործընթացների պատճառով, հակառակ ազդեցությունն ունեցավ և նպաստեց դրա հանրայնացմանը։
«Եթե այդ գործընթացը չլիներ, գուցե ֆիլմը այդքան մեծ ուշադրություն չգրավեր։ Բայց երբ այն դարձավ հանրային քննարկման թեմա, մարդիկ սկսեցին ավելի ակտիվ հետաքրքրվել»,- ընդգծեց նա։
Խոսելով ֆիլմի բովանդակության մասին՝ Հարությունյանը նշեց, որ այն կարևոր է հատկապես երիտասարդների համար։
«Կարծում եմ՝ ֆիլմը պետք է դիտեն հատկապես երիտասարդները։ Այն բավականին հստակ ներկայացնում է անկախության ճանապարհի սկզբնական փուլը։ Շատերը պարզապես տեղյակ չեն այդ ժամանակաշրջանի մասին, ինչը նաև հասկանալի է՝ հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, պատերազմներն ու ծանր իրավիճակը»,- ասաց նա։
Իրավապաշտպանը հավելեց, որ ֆիլմը հնարավորություն է տալիս հետահայաց վերաիմաստավորել մեր անցած ճանապարհը։
«Այս ֆիլմը մի տեսակ հետադարձ հայացք է։ Այն օգնում է հասկանալ՝ որտեղից ենք եկել և ուր ենք հասել։ Այդ տեսանկյունից այն դիտելը և դրա շուրջ խորհելը կարևոր է»,- եզրափակեց Հարությունյանը։
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան