«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։
Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյան բացատրել է, թե գործող մեխանիզմն այլևս արդյունավետ չէ, միաժամանակ առաջացնում է զգալի ծախսեր։ Այս մոտեցումը նույնությամբ ներկայացվել է նաև խորհրդարանական քննարկման հրապարակային հաղորդագրություններում։
Իշխանությունն, ըստ էության, ասում է՝ թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը «Ազդարարն» է։ Բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք. Պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն՝ խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. Խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 2-ից մեծ էկրան կբարձրանա «Առաջին Քրիստոնյա պետություն» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա պետություն ձևավորման պատմական շրջանի մասին։
Ֆիլմը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Արթուր Սողոմոնյան-ի ֆինանսական աջակցությամբ։ Եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) խաղարկային-վավերագրական այս նախագիծը ներկայացնում է 4-րդ դարասկզբի կարևոր իրադարձություններին նախորդած և հաջորդած զարգացումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն պատգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմել՝ ԿԸՀ դիմելու համար։
Մեզ ասացին, որ 100-րդ հորիզոնականից ներքեւ գտնվողներից շատերը կամուկացի մեջ են՝ դիմե՞լ, թե՞ չդիմել։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երեւանյան վերջին քարոզարշավից հետո, եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես՝ քավության նոխազ դարձնել Երեւանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետեւանքն է, որ Երեւանն իրենց մերժում է։
Ի սկզբանե որոշված է եղել, որ Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի՝ հասկանալով, որ երեւանցիների հետ բարդ է լինելու։ Միայն ուշ գիշերին կուսակցականներին ծանուցել են, որ, առավոտյան 9.30-ից սկսած, Երեւանում են շրջելու։
Ի դեպ, երեւանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊ-ի համար քվեներ ապահովելով։ Պարզվում է՝ բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրեւ իշխանության բարի կամքի դրսեւորում՝ հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։
Մեր աղբյուրներն ասում են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին եւ հետաքրքրվում՝ եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, մեր աղբյուրն իր վարկածն ունի։
Նրա կարծիքով՝ Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում, եւ նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են, ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին եւ ՔՊ-ին ընտրեն։