Փաշինյանը գործի է դրել իր ողջ վարչական մեքենան Եկեղեցու դեմ։ Նրա վերջին
հայտարարությունը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «բռնազավթված է», և դրան հաջորդած զեկույցի հրապարակումը, ըստ էության, դուրս են գալիս սովորական քաղաքական բանավեճի շրջանակներից: Փաշինյանը տեսաուղերձով հայտնել էր, որ կառավարության պատրաստած հատուկ զեկույցին ծանոթանալուց հետո եկել է այն եզրակացության, որ եկեղեցում իրավիճակը «շատ ավելի ճգնաժամային է, քան ինքն ի սկզբանե պատկերացնում էր»:
Մայր Աթոռը տեղի ունեցածն արդեն որակել է որպես «հակասահմանադրական և անօրինական միջամտություն»՝ արձանագրելով քաղաքական հաշվեհարդարի դրսևորումներ։ Սակայն իրավաբանական համայնքի և փաստաբանական շրջանակների խորքային դիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է․ խոսքը պետության աշխարհիկության հիմքերի խարխլման և իրավական կամայականության վտանգավոր նախադեպի մասին է։
Առաջին կարևոր շեշտադրումը, որն արձանագրում են իրավաբանները, փաստաթղթի կարգավիճակն է: Սա սովորական հրապարակախոսական նյութ կամ մասնավոր անձի ուսումնասիրություն չէ: Զեկույցը պատրաստվել է պետական մարմնի (վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի) կողմից, բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից և ներկայացվել է երկրի ղեկավարի ուղղակի հանձնարարությամբ:
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, անդրադառնալով հրապարակված փաստաթղթին, շեշտում են, որ սա սովորական հրապարակախոսական նյութ կամ մասնավոր անձի ուսումնասիրություն չէ: Զեկույցը պատրաստվել է պետական մարմնի կողմից, բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից և ներկայացվել է երկրի ղեկավարի ուղղակի հանձնարարությամբ։
Ըստ իրավաբանական ձևակերպված հիմնավորումների՝ քանի որ փաստաթուղթն ունի պետական կարգավիճակ, դրա նկատմամբ պետք է կիրառվեն պաշտոնական գրագրության խստագույն չափանիշներ: Իրավաբանները փաստում են, որ պետությունը պարտավոր է հստակ տարանջատել ապացուցված փաստը սոսկ պնդումից, իսկ իրավական կամ կանոնական հետևությունը՝ քաղաքական ցանկությունից:
Մինչդեռ, փաստաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հրապարակված տեքստում այդ սահմաններն ուղղակի գոյություն չունեն: Մասնագիտական գնահատմամբ՝ պետական կառույցը պարզապես հավաքել է սոցիալական ցանցերում ու մեդիայում տարիներով կուտակված անստույգ լուրերն ու մեղադրանքները, սուբյեկտիվորեն ընտրել իրեն հարմար տարբերակները և դրանք հռչակել որպես «արժանահավատ փաստեր»:
Իրավական ոլորտի մասնագետները նախագուշակում են, որ խնդիրը վաղուց արդեն կապված չէ միայն Կաթողիկոսի անձի կամ Մայր Աթոռի հետ։ Սա շատ ավելի մեծ վտանգ է պարունակում բոլորիս համար։ Եթե այսօր կառավարությանը հաջողվի քաղաքական ցանկությամբ և առանց օրինական հիմքերի փոխել դարավոր Եկեղեցու ղեկավարին, ապա Հայաստանում այլևս ոչ մի կառույց պաշտպանված չի լինի։ Այսօր թիրախում Եկեղեցին է, իսկ վաղը կարող է լինել ցանկացած այլ անկախ կառույց, հասարակական կազմակերպություն կամ նույնիսկ մասնավոր սեփականություն, որի ներքին կյանքը իշխանությունը կորոշի «բարեփոխել» իր ճաշակով։
Փաստն այն է, որ երկրի առջև ծառացած արտաքին լուրջ սպառնալիքների ֆոնին ներսում հոգևոր պատերազմ ու պառակտում հրահրելը ուղղակի թուլացնում է մեր պետությունը։
Հասմիկ Մովսիսյան