Ուղիղ եթեր
Մամուլ 2 ամիս առաջ - 07:15 26-03-2026

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երբ Նիկոլ Փաշինյան-ը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր՝ տպագիր մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ է՝ հանրային վերահսկողության, կարծիքների բախման, արխիվի, քաղաքական հիշողության։ Բայց այսօր, արդեն վարչապետի կարգավիճակում, հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին՝ այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլ օրենսդրական միջամտության միջոցով։

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյան բացատրել է, թե գործող մեխանիզմն այլևս արդյունավետ չէ, միաժամանակ առաջացնում է զգալի ծախսեր։ Այս մոտեցումը նույնությամբ ներկայացվել է նաև խորհրդարանական քննարկման հրապարակային հաղորդագրություններում։
Իշխանությունն, ըստ էության, ասում է՝ թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը «Ազդարարն» է։ Բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք. պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն՝ խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։ Իշխանության հիմնավորումն առաջին հայացքից կարող է նույնիսկ գրավիչ թվալ՝ թվայնացում, արագություն, ծախսերի կրճատում։ Բայց իրականում սա հերթական դեպքն է, երբ «արդյունավետության» անվան տակ վերացվում է մի ամբողջ ոլորտի կենսունակությունը։ Որովհետև պետությունը, եթե իսկապես մտահոգ լիներ հանրության իրազեկմամբ, կարող էր ոչ թե մեկ հարվածով զրոյացնել թերթերի դերը, այլ ստեղծել անցումային, համակցված մեխանիզմ՝ և՛ թվային, և՛ տպագիր։ Սակայն ընտրվել է ամենակոշտ տարբերակը՝ ամբողջ հոսքը տեղափոխել ինտերնետային հարթակներ։ Սա նաև քաղաքական որոշում է։ Իշխանությունը վաղուց է ցույց տալիս, որ անկախ ու քննադատական մամուլն իր համար ոչ թե ժողովրդավարական անհրաժեշտություն է, այլ ավելորդ աղմուկ։ Իսկ տպագիր մամուլը, որքան էլ սահմանափակ տիրույթում, դեռևս մնում է այն հարթակը, որը դուրս է օրվա ալգորիթմային թելադրանքից, սոցցանցային մանիպուլյացիաներից ու պետական թվային հարթակների վերահսկվող միջավայրից։ Թերթը կարելի է չսիրել, կարելի է չկարդալ, բայց պետությունը իրավունք չունի վարչական լուծումներով այն դարձնել տնտեսապես անիմաստ։
Առավել սուր է հակասությունը հենց Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Մարդը, որը մամուլից է եկել քաղաքականություն, այսօր փաստացի իր կառավարության ձեռքով մասնակցում է տպագիր մամուլի վերջնական մղմանը լուսանցք։ Սա արդեն ոչ թե պարզապես քաղաքականություն է, այլ կենսագրական հակասություն։ Նախկին խմբագիրը, որ պետք է հասկանար մամուլի շնչի արժեքը, այսօր լռությամբ կամ համաձայնությամբ դիտում է, թե ինչպես են փակում այդ շնչի վերջին անցքերը։
Ի վերջո, սա ընդամենը օրենքի նախագիծ չէ։ Սա վերաբերմունք է տպագիր մամուլի հանդեպ, վերաբերմունք քննադատական խոսքի հանդեպ, վերաբերմունք այն միջավայրի հանդեպ, որը տարիներ շարունակ եղել է հանրային բանավեճի կարևոր մաս։ Եվ երբ այս նախագիծը դառնա օրենք, ապա կարելի է արձանագրել՝ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ընտրեց ոչ թե մամուլի բազմազանության պահպանումը, այլ դրա նեղացումը՝ պետական որոշման ուժով։
Այսպիսով, նախկին խմբագրի իշխանության օրոք տպագիր մամուլը ոչ թե աջակցություն է ստանում, այլ նոր հարված։ Եվ այդ հարվածը գալիս է ամենացավոտ տեղին՝ գոյատևման աղբյուրին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին