Ասում էին, թե Արարատ Միրզոյանը ԱԱԾ-ի կողմից հավաքագրվել է 2007-ի նոյեմբերի 7-ին, Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության 90-ամյակի խորհրդանշական օրը, կրել է «Օմեգա» ծածկանունը։ ՔՊ-ականները չէին հավատում, որ նա կարող էր ԱԱԾ գործակալ եղած լինել։
Բայց Միրզոյանը քրիստոնեաբար խոստովանեց։
«Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության, սա շատ առանցքային է, ԱԱԾ–ն ինձ, որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, այսինքն փորձագիտական աջակցության համար։ Ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի և ակտիվ ընդդիմադիր գործողություններին մասնակցող, այնուամենայնիվ, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, հարցն էլ, որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, համաձայնություն եմ հայտնել իրենց այդ հարցով, որպես փորձագետ, օգտակար լինելու։
Կարճ ժամանակ անց այդ աջակցությունն ավարտվել է։ Սա ես չեմ թաքցրել»,- մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է նաև իր և Եզրաս Սրբազանի տարբերությունը, ընդգծելով, որ ինքը ՀՀ ԱԱԾ-ին փորձել է օգտակար լինել մի դրվագով, մի հարցով, իսկ Եզրաս Սրբազանը եղել է կայսրության գործակալ, այսինքն՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի։ «Մի քիչ բան ա, էլի՜», բազմանշանակ ասել է նախարարը։
Փորձենք հասկանալ, թե Արարատ Միրզոյանն ի՞նչ ծառայություն կարող էր մատուցել ԱԱԾ-ին 2007-ի նոյեմբերին։
Թերթենք նրա կենսագրությունը։ Նա 2000-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը, 2004-ին՝ Կառավարման ակադեմիան, 2005-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան։ ՊԱԿ-ն էլ էր թիրախավորում ուսանողներին, հատկապես՝ լավ սովորողներին։
2007-ի նոյեմբերին նախընտրական տրամադրությունների շրջան էր։ Մի շարք քաղաքական կուսակցություններ առաջ էին քաշում Լևոն Տեր-Պետրոսյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Ընդդիմադիրների մեծ մասը հակված էր սատարելու նրան։
Արարատ Միրզոյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, որ նա 2007-ին քաղաքական գործունեությամբ է զբաղվել, այն էլ՝ ընդդիմադիր։ 2008-ի ընտրություններին, Մարտի 1-ի ու դրան հաջորդած իրադարձություններում նրա ներգրավվածության մասին ևս ոչինչ չկա։ Գուցե սա՞ էլ է գաղտնի։ Նրա աշխատանքային կենսագրության մեջ նշված է, որ 2007-2010-ին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։ Իսկ հետո դրամաշնորհային ծրագրերում է ընդգրկվել։ Ենթադրելի է, որ ԱԱԾ-ն է նրան հատուկ ներդրել HSBC բանկում, հետո Արևմուտքից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերում։
Նրա մասին հայտնի է նաև մի դրվագ, երբ նրան մերժել են ապառիկով փոշեկուլ վաճառել։ Այստեղ էլ ենթադրելի է, որ նա հրաժարվել է կատարել ԱԱԾ-ի հանձնարարությունն, այդ պատճառով նրան փոշեկուլ չեն տվել։
Ի վերջո՝ «Օմեգա» ծածկանունը խառնում է բոլոր ենթադրությունները։ Պարզ չէ, թե վերջ խորհրդանշող, Տերյան փողոցի վրա նախկինում գործող կիսամութ օբյեկտի հետ ասոցիացվող այս բառն ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի մատուցած փորձագիտական ծառայության, փոշեկուլի և ընդդիմության հետ։
Այնպես որ՝ ԱԳ նախարարը Մեծ Պահքի այս օրերին, որպես իսկական քրիստոնյա, կարող է լրիվ խոստովանել, ցրել կասկածները։ Այսինքն՝ ոչ թե ասել՝ «շատ որոշակի տարեթվի», այլ նշել կոնկրետ օրը, ե՞րբ հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից, ինչե՞ր է արել ԱԱԾ-ի համար և ի՞նչ ստացել ԱԱԾ-ից այդ ծառայության դիմաց։
Մյուս ՔՊ-ականները ևս կարող են խոստովանել, թե երբ են հավաքագրվել ԱԱԾ-ի կողմից։ Այսպիսի անկեղծությունը փոքր ինչ կբարձրացնի ՔՊ-ի վարկանիշը։ Իսկ եթե խիզախություն ունենան, ապա հունիսի 7-ից առաջ լյուստրացիայի մասին ՀՀ օրենք կընդունեն և կարգելեն ռուսական գործակալների մուտքը քաղաքականություն։
Ի դեպ՝ 2008-ի Մարտի 1-ից հետո բոլորին, ովքեր աչքի էին ընկել այդ օրերին, կանչում էին ԱԱԾ, հարցաքննում։ Հարցաքննության սենյակներից մեկում՝ ԱԱԾ շենքի 2-րդ հարկում, աստիճանից ձախ վեցերորդ սենյակում (եթե լավ եմ հիշում - հեղ.) կախված էր Ֆելիքս Ձերժինսկու մեծադիր նկարը՝ մոտ 150սմ անկյունագծով։ Մինչև 2018-ը ԱԱԾ սպաները վերապատրաստվում ու որակավորվում էին ՌԴ-ում, ԱԱԾ-ն մասնագիտական տոնը նշում էր դեկտեմբերի 20-ին՝ Չեկիստի օրը։ Այսինքն՝ Արարատ Միրզոյանի հավաքագրման ենթադրյալ օրվա՝ 2007-ի նոյեմբերի 7-ի դրությամբ՝ տարբերություն չկար՝ դու ԱԱԾ-ի՞ կողմից ես հավքագրվել, թե՞ ՊԱԿ-ի։
Թաթուլ Մկրտչյան