Ֆալստարտը ռիսկային է։ Ֆալստարտն ինչքան կարող է նպաստել վարկանիշի աճին, այնպես էլ կարող է փոշիացնել այն, քանի որ եթե թեկնածուն մեկ ամսում կարող է սխալվել մեկ անգամ, ապա 4 ամսում քառակի ավելի շատ, ինչի արդյունքում ժողովուրդը երես կթեքի նրանից, ու նա կպարտվի։
Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ մարտի 22-ին քարզչություն է կատարել Երևանի մետրոպոլիտենում, և վագոններից մեկում տեղի է ունեցել միջադեպ վարչապետի և արցախցի մի կնոջ միջև: Արցախի վերաբերյալ հարցից հետո Փաշինյանը, կորցնելով ինքնատիրապետումը, գոռացել է երիտասարդ կնոջ ու նրա տղայի վրա, շեշտելով, որ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։
Քարոզարշավի օրվա ամփոփման ժամանակ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է միջադեպին՝ խոստովանելով, որ չի կարողացել զսպել էմոցիաները: Նա հրապարակավ ներողություն է խնդրել. «Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,– ասել է նա։ Իսկ օրվա վերջում ՔՊ առաջնորդը հետևյալ գրառումն է արել «Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու»։
Հասարակության գրեթե բոլոր շերտերը հանդիմանանքի խոսքեր են հղել Փաշինյանին։ Ոմանք պարզապես ամաչել են, որ նա մեր վարչապետն է, ոմանք խիստ քննադատել են, ապացուցելով, թե ինչպես է Փաշինյանն Արցախը հանձնել, ոմանք հանդիմանել են, որ հասուն տղամարդը հասարակական վայրում երիտասարդ կնոջ ու նրա տղայի հետ անհարգալից տոնով է խոսում, գորգոռում նրանց վրա, մատ թափ տալիս։ Այս հակահասարակական արարքը առավել վիրավորական է ընկալվել ժողովրդի կողմից, քանի որ Արմինե Մոսիյանը 1993-ի Արցախում հերոսաբար զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է։
Ինչո՞ւ է Փաշինյանը վիրավորել Արմինե Մոսիյանին, և ի՞նչ հետևանք կունենա այս միջադեպը։
Տարածված կարծիք կա, թե Փաշինյանը պայքարում է ոչ միայն քաղաքական մրցակիցների դեմ, այլև ժողովրդի այն հատվածի դեմ, որի պատկերացմամբ Արցախը մեր հայրենիքի մասն է։ Նա ձգտում է մարդկանց համոզել, որ Արցախը մեր հայրենիքը չէր, Արցախի ազատության համար պայքարը հակադրում է ՀՀ անկախությանը։ Սակայն բազմաթիվ մարդիկ այլ կերպ են կարծում։ Հետևաբար՝ այս դիմակայությունը բնական է և անխուսափելի։
Նախկինում ՀՀ ընտրություններում, այդ թվում՝ 2021-ի ԱԺ ընտրություններում, մշտապես առանցքային թեման եղել է Արցախի հարցը։ Առաջին անգամ այս ընտրություններում Արցախի հարցը մղվել էր հետին պլան։ Ինչպես ՔՊ-ն, այնպես էլ քարոզարշավ սկսած մյուս ուժերը չեն խոսում Արցախի ազատության համար պայքարը շարունակելու մասին։ Արցախի հայերի վերադարձի մասին թեթև հույսեր են հայտնում որոշ ընդդիմադիր ուժեր։ Մետրոյի միջադեպը սրեց իրավիճակը այս հարցում։ Նիկոլ Փաշինյանը կորցնելով ինքնատիրապետումը, կրկին Արցախի հարցը դարձրեց քարոզարշավի առանքային թեմա։ Եթե նրա վարքը դիտարկենք իր գնահատման տրամաբանությամբ, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանը պատերազմի դուռ բացեց մարտի 22-ին մետրոյում։ Հետևաբար՝ եթե հայ ժողովուրդը չի ուզում կրկին պատերազմ տեսնել, ապա ԿԸՀ-ն պետք է չգրանցի ՔՊ-ին, քանի որ նա պատերազմի դուռ է բացում։
Ի վերջո՝ ամոթալի էր այն, որ Փաշինյանը մետրոյում փաստացի ցույց տվեց՝ չի հարգում ՀՀ քաղաքացուն, չի հարգում հայ կնոջը, չի հարգում երեխաներին։ Նրա մարդատյացությունն ակներև էր։ Նույնիսկ ՄԻՊ-ն անդրադարձավ թեմային, մատնացույց անելով վարչապետւ կոպիտ սխալները։ Դաստիարակված, կրթված մարդն այսպիսի հակահասարակական արարք չէր գործի։ Հավանաբար՝ նույնիսկ Փաշինյանն է հասկացել, թե ինչ կոպիտ սխալ է գործել և պատրաստակամություն է հայտնել հրապարակավ ներողություն խնդրելու Արմինե Մոսիյանից ու նրա որդուց։
Ինչպես ասում են՝ խոսքն արձակված նետ է, հետ չես կարող դնել տեղը, մանավանդ այն պարագայում, երբ նետը խոցել է բազմաթիվ սրտեր։ Արդյունքում՝ ՔՊ-ն կորցրել է իր վարկանիշի կեսը։ Ուստի՝ եթե ՔՊ-ն սրանից դաս քաղի, ապա կարգելի Փաշինյանին մասնակցելու քարոզարշավին, քանի որ Փաշինյանը հակահասարակական վարք է դրսևորում։ Գուցե Փաշինյանը միտումնավո՞ր է գցում ՔՊ վարկանիշը։
Թաթուլ Մկրտչյան