Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:00 17-03-2026

Ինչու Քոչարյանի պարտությունից դաս չքաղեցին․ դեժավյու

Քոչարյանը կրկին առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Քաղաքական ծրագրերում, առաջնահերթություններում, առաջնային նպատակներում ևս էական փոփոխություն չկա։ Նույն խաղաքարտերով նույն խաղն է։ Արդյունքն էլ, ենթադրաբար, նույնը կլինի։

Ինչո՞ւ Քոչարյանն ու նրա թիմակիցները անցյալի պարտությունից դաս չքաղեցին, չփոխեցին մեկ անգամ պարտված առաջնորդին։

Այս ամենը դեժավյու է առաջացնում։ Ինչ-որ առումով՝ նույնիսկ ձանձրալի է, որ կրկին նույն դեմքերն են գալիս առաջին պլան։ Իսկ եթե պատկերացնենք, որ ՔՊ-ականները նույն սարսափ երգով ժողովրդին վախեցնելով՝ քվե են կոզելու, ապա պատկերը նույնիսկ զզվելի է դառնում։

Հոռետեսներն ասում են, թե միտումնավոր են Քոչարյանին առաջադրել, որ Փաշինյանը նույն ձևով հաղթի նրան։

Նորմալ, ժողովրդավարական երկրներում մեկ անգամ պարտված առաջնորդը տեղը զիջում է։

Մարդը մեկ անգամ ձախողվում է, և կուսակցությունը համարժեք հետևություն է անում, նոր առաջնորդ ընտրում, նոր դեմք։ Սա արմատավորված քաղաքական ավանդույթ է Արևմուտքում։

Նույնիսկ եթե ծրագրերն ու գաղափարները նույնն են մնում, ապա նոր առաջնորդը հաղթելու հույս է ներշնչում։ Մարդիկ ցույց են տալիս, որ դաս են քաղում պարտությունից, ձախողումից, վերադասավորում ուժերը, վերանայում քարոզական մարտավարությունը, կարգախոսները, իջեցնում պարտված առաջնորդին, առաջ քաշում նորին և փորձում հաջողության հասնել նոր առաջնորդությամբ, նոր ծրագրով։ Նորմալ երկրում առաջնորդի բարձր բացասական վարկանիշն ինքնին հիմք է նրան փոխարինելու համար։ Քոչարյանի բացասական վարկանիշն ավելի բարձր է քան դրականը։ Այսինքն՝ նրա նկատմամբ բացասաբար վերաբերվողներն ավելի շատ են, քան վստահողները։

Հայաստանում այլ մոտեցում է։ Պարտված կուսակցությունն առաջնորդին չի փոխում։ 2021-ին պարտված կուսակցությունների առաջնորդների մեծ մասը շարունակում են անվրդով պաշտոնավարել, կարծես չեն պարտվել, չեն ձախողվել, կարծես՝ այդպես էլ պետք է լիներ։

Ավելի աննորմալ բան էլ կա ՀՀ-ում։ Մի քանի անգամ եղել է, որ կուսակցությունը հաղթահարել է շեմը, սակայն ցուցակի առաջին համարը մանդատը չի վերցրել, երևակայելով, թե պատգամավորի մանդատը ցածր բան է իր համար։

Այնինչ՝ քաղաքական գործունեությունը հնարավորի արվեստ է։ Սա քաղաքական տարրական նորմ է։ Եթե քաղաքական գործիչ ես ու հնարավորություն ունես ընտրվելու ավագանի, ապա պարտավոր ես լինել ավագանի, եթե հնարավորություն ունես ընտրվելու պատգամավոր, ապա պարտավոր ես վերցնել պատգամավորի մանդատը։ Իսկ ՀՀ-ում մարդը ցուցակի առաջին համարով ընտրվում է, բայց մանդատը չի վերցնում։ Սա արհամարհական վերաբերմունք է թիմակիցների, ընտրողների, ժողովրդավարության հանդեպ։ Մարդիկ քեզ վստահելով, քո դեմքին նայելով՝ քո կուսակցությանը կամ դաշինքին ձայն են տալիս, ու դու անցնում ես, բայց մանդատը չես վերցնո՞ւմ։ Սրանից մեծ արհամարհանք հնարավո՞ր է պատկերացնել։

Ռոբերտ Քոչարյանն ինքն առաջինը պետք է առաջարկեր առաջնորդի փոփոխություն կատարել 2021-ի պարտությունից հետո։ Նրա շուրջը միավորված ուժերը կարող էին նոր առաջնորդ ընտրել իրենց շարքերից, որի ժողովրդականության բարձրացման վրա ջանք գործադրել, նրա առաջնորդությամբ շահել ընտրողների քվեն 2026-ին։ Նոր առաջնորդը պետք է ընդգծված տարբերվեր Քոչարյանից, նույնիսկ քննադատեր նրան։ Իսկ Քոչարյանը կարող էր մասնակցել իր թիմի քարոզարշավին, օգնել իր գիտելիքներով, փողով, էապես նպաստել իր թիմակիցների հաղթանակին։

Պարզ չէ, թե ո՞վ կամ ի՞նչն է ստիպել «Հայաստան» դաշինքին, որ թարմացում չանեն ու նոր դեմքով հանդես չգան։ Եթե ընդդիմադիր ամենամեծ ուժը խառներ խաղաքարտերը, ազատվեր Քոչարյանի բացասական վարկանիշից, նոր գաղափարներ ու ծրագրեր առաջ քաշեր, իրապես ընդլայներ դաշինքը, ապա գուցե նաև հաղթեր։

Հանրային խոսույթում մի քանի անուն էր քննարկվում, որոնցից ամենաուշագրավը պատգամավոր Աննա Գրիգորյանի թեկնածությունն էր։ Վերջինիս չեն կարող որակել նախկին իշխանություն։ Նա յուրատեսակ խարիզմա ունի և վստահություն է ներշնչում ընդդիմադիր տրամադրված բազմաթիվ մարդկանց։ Նրա բացասական վարկանիշը շատ ցածր է։ Տեսականորեն՝ նա ավելի շատ քվե կարող էր ստանալ, քան Քոչարյանը։ Եվ զարմանալի է, որ կրկին Քոչարյանին առաջադրեցին։

Կարճ ասած՝ ժողովրդավարական ավանդույթների արմատավորման կարիք կա ՀՀ-ում։ Հարկ է նաև խիստ պահանջներ սահմանել, որ քաղաքական գործիչը չաղավաղի ժողովրդավարության էությունը, չարհամարհի ընտրողներին, չզզվեցնի ժողովրդին, չմղի մարդկանց հեղափոխական ու հակաժողովրդավարական քայլերի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան