Մայր Աթոռի դիվանապետ, վերջերս կալանքից ազատ արձակված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր ուղերձում խոսել է
հավատքի շուրջ միավորված իրական հոգևոր համայնք կերտելու կարևորության մասին։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը զրուցել է Տեր Հարություն քահանայի հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հոգևոր համայնքը և ի՞նչ դեր կարող է ունենալ եկեղեցին հավատացյալների միջև միասնություն ձևավորելու հարցում։
Տեր Հարությունը նշեց, որ ծանոթ չէ Արշակ Սրբազանի այդ ուղերձին, սակայն ներկայացրեց իր պատկերացումները հոգևոր համայնքի մասին։
«Հոգևոր համայնքը առաջնորդողը Քրիստոսն է։ Մարդկանց հայացքները պետք է ուղղված լինեն դեպի Տեր Հիսուսը, որպեսզի անգամ անկում ունենալուց հետո կարողանան քաջալերվել, վերականգնվել և ընթանալ դեպի Տիրոջ փրկությունը։ Ինձ համար ամենակարևորը սերն է՝ Քրիստոսի օրինակով»,– ասաց նա։
Խոսելով հասարակության մեջ առկա բաժանումների մասին՝ Տեր Հարությունը նշեց, որ հոգևորականությունը փորձում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել մարդկանց համախմբմանը։ «Կարծում եմ՝ հոգևորականությունն անում է այն, ինչ կարող է։ Իհարկե, որտեղ մարդ կա, այնտեղ կարող են լինել նաև թերացումներ։ Բայց կարևոր է հիշել, որ բոլորս նույն ժողովուրդն ենք, և յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել»,– ընդգծեց նա։
Քահանան անդրադարձավ նաև աղոթքի կարևորությանը՝ նշելով, որ այն քրիստոնեական կյանքի առանցքային բաղադրիչներից է։
«Ավետարաններում կարդում ենք, որ Տեր Հիսուսը բազմիցս առանձնանում էր աղոթքի համար՝ ցույց տալով դրա կարևորությունը։ Աղոթքը կարող է լինել անհատական և ընդհանրական։ Անհատական աղոթքը մարդու առանձնացումն է՝ տանը, եկեղեցում կամ ցանկացած վայրում, իսկ ընդհանրականը եկեղեցական ժամերգություններն ու պատարագն են, երբ հավատացյալ համայնքը միասին է փառաբանում Աստծուն»,– ասաց նա։
Զրույցի վերջում Տեր Հարությունը նաև հետևյալ խորհուրդը տվեց. «Պետք է ունենալ վստահություն Աստծո նկատմամբ և հավատ Տիրոջ խոստմանը։ Ավետարաններում ասվում է, որ կյանքում անխուսափելի են գայթակությունները, սակայն կարևոր է հասկանալ՝ որն է ծառայում մարդու հոգու շահին։ Քրիստոս եկել է վերականգնելու Աստծո և մարդու միջև կորցրած հարաբերությունը, որպեսզի մենք կրկին լինենք Աստծո ընտանիքի անդամներ»։