Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 08-03-2026

Ընտանեկան միություն՝ Գրողների միությունում

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամներն աշխատում են նրա ղեկավարած կառույցում։ Ավագ որդին՝ Գնել Միլիտոնյանը, միության Սևանի Գրողների ստեղծագործական տան տնօրենն է, իսկ կրտսերը՝ Մուշեղ Միլիտոնյանը, հոր օգնականն է։






Oragir.News-ը Էդվարդ Միլիտոնյանից պարզաբանում խնդրեց, թե ինչպես է պատահել, որ Գրողների միության նախագահն իր տղաներին է պաշտոնի նշանակել, և արդյոք ՀԳՄ-ում այլ մասնագետներ չկա՞ն։

Վերջինս նշեց, որ այս թեմայով հնչող քննադատությունները չափազանցված են և չեն արտացոլում իրական պատկերը։

Անդրադառնալով ավագ որդու՝ Սևանի գրողների տան տնօրենի նշանակման փաստին, Միլիտոնյանը նկատեց․ «Ոչ մեկը չի մտածում, թե ինչպիսի դժվար աշխատանք է տնօրենի գործը։ Շենքը շատ վատ վիճակում էր, և նա իր միջոցներով ներդրում արեց ու վերանորոգման աշխատանքներն իրականացրեց։ Բոլորը գիտեն այդ մասին, դա հայտնի փաստ է»։

ՀԳՄ նախագահը նկատեց, որ շատերը սիրում են չարախոսել, բայց
երբ մարդը ներդրում է անում, ֆինանսավորում է բերում ու գործ է անում, շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ սկսում են քննադատել։

Մեր զրուցկիցը հավելեց, որ Սևանի հանգստյան տան վերանորոգման հարցը բարձրացվել էր դեռևս Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի ժամանակ։ «Լևոնն ինքն էր խնդրել զբաղվել այդ հարցով։ Ես էլ գնացի ու արեցի։ Ամեն ասողի խոսքին պետք չէ ականջ դնել։ Եթե մարդիկ կան՝ հարց ունեն, կարող են գալ Միություն՝ հարցնել, մենք էլ կպատասխանենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կրտսեր որդուն՝ Մուշեղ Միլիտոնյանին իր օգնական նշանակելուն, Միլիտոնյանը նշեց, որ նա միայն իր անձնական օգնականը չէ։ «Նա տարբեր աշխատանքներ է կատարում Միության համար, օգնում է կազմակերպչական և այլ գործերում։ Այստեղ պարտադիր չէ, որ օգնականը գրող լինի. կարևորը, որ իր աշխատանքը լավ կատարի»։

Oragir.News-ի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Հայաստանի գրողների միությունը 2024 թվականի գործունեության համար ներկայացրել է «Հաշվապահական հաշվետվությունների փաթեթ», որը 2025 թվականին հաստատվել է գործադիր մարմնի կողմից։

Հաշվետվության մեջ ներկայացվում է հասարակական ծրագրերի իրականացման, տարբեր կառույցների հետ համագործակցության, սոցիալական և այլ ծրագրերի կազմակերպման, աշխատակիցների թիվը, ֆինանսական մուտքերն ու ծախսերը, ինչպես նաև դրամաշնորհները։

Նշենք, որ հաշվետվության մեջ մի քանի ուշագրավ կետեր կան․ զարմանալիորեն դրամական մուտքերն ու ծախսերն ամբողջովին համընկնում են։

Այսպես՝ ընդհանուր դրամական մուտքերը կազմում են 43 մլն դրամ, նույնքան էլ՝ ծախսված գումարը, տարվա վերջում մնացորդը 0 դրամ է։ Այսինքն՝ տարվա ընթացքում ստացված միջոցներն ամբողջությամբ օգտագործվել են ծրագրերի և գործունեության համար։

Նշված է նաև, որ կազմակերպությունը ստացել է դրամաշնորհային միջոցներ՝ 1 480 000 դրամ։ Որտեղի՞ց է ստացվել այդ 43 մլն դրամը, ինչ ծրագրերի վրա է ծախսվել միլիոնները, փաստաթղթում նշված չէ։