Ներքին 4 ամիս առաջ - 08:29 06-03-2026

Ոսկու ներկրման աղմկահարույց պատմությունը չի ավարտվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հրապարակել էր մի շարք փաստեր, որոնք վերաբերում էին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը։ Խոսքը վերաբերում էր հնարավոր խախտումներին, որոնք կարող են ունենալ ինչպես հանրային, այնպես էլ քրեաիրավական նշանակություն։

Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ ՊԵԿ ներսում գործող ծառայողական «WhatsApp» խմբում ցուցում է տրվել Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) համարները չնկարելու վերաբերյալ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծվել է շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտոր։ Սակայն այդ ձուլակտորների վրա առկա կարևոր տվյալները՝ սերիական համարները, արտադրող երկրի նշումները և քաշը, լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել։

Փոխարենը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լուսանկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ այդ տվյալները տեսանելի չեն եղել։ Սա, ըստ ոլորտի մասնագետների, կարող է խնդիրներ առաջացնել ոսկու ծագման, նույնականացման և մաքսային վերահսկողության տեսանկյունից։

Հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումներ էր ուղարկել իրավասու մարմիններին՝ պարզելու մի շարք կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես՝
իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ,
պահպանվե՞լ են արդյոք ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները,
ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները,
տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին։

Սակայն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին բավականին լակոնիկ պատասխան են փոխանցել։ Մասնավորապես՝ տեղեկացրել են միայն, որ նշված հանգամանքների վերաբերյալ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ՝ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով։

Այնուամենայնիվ, հրապարակումից ամիսներ անց հանրությանը դեռևս չի ներկայացվել որևէ հստակ տեղեկատվություն՝ կա՞ արդյոք քրեական վարույթ, ի՞նչ արդյունքներ են տվել իրականացված գործողությունները, և արդյոք որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության է ենթարկվել։

Այսպիսով, շուրջ 2 տոննա ոսկու ներմուծման և դրա նույնականացման հնարավոր խախտումների վերաբերյալ բարձրացված հարցերը շարունակում են մնալ առանց հստակ պատասխանների, մինչդեռ թեման ունի ոչ միայն տնտեսական, այլև իրավական և հանրային կարևոր նշանակություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից