Ներքին Տեսանյութ 53 րոպե առաջ - 20:00 21-10-2026

Արձանը զուգարանից 10 մետր է հեռու. ճարտարապետը` Ֆրունզիկի արձանի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մայրաքաղաքի Շահումյանի անվան պուրակում վերջերս տեղադրված Մհեր Մկրտչյանի հուշարձանը մասնագիտական բուռն քննարկումների առիթ տվեց։ Շատերը սրտնեղում են դիմագծերի անհամապատասխանությունից, մյուսները քննադատում են ոճը, սակայն ճարտարապետ, նկարիչ Դավիթ Ստեփանյանի դիտարկմամբ՝ խնդիրը շատ ավելի խորն է և թաքնված է ոչ թե բուն քանդակի, այլ քաղաքային խաթարված միջավայրի մեջ։

Անդրադառնալով հայկական արձանաշինության ավանդույթներին՝ Դավիթ Ստեփանյանը նկատում է, որ խորհրդային տարիներին Հայաստանում ճարտարապետության, քանդակագործության և արվեստի մյուս ճյուղերի աննախադեպ վերելք գրանցվեց, որպիսին երկիրը չէր տեսել ուշ միջնադարից ի վեր՝ պարսկական, թուրքական ու ռուսական տիրապետությունների ընթացքում պետականության կորստի պատճառով։

«Հերթական վերելքը ունեցել ենք խորհրդային շրջանում, 20-րդ դարում, ի դեպ՝ հենց ազգային, բոլոր այդ ենթաշերտերը հաշվի առնելով․ ունեցել ենք ազգային ինքնատիպ արվեստի բարձր վերելք։ Անկախության շրջանում, որ կարծես պետք է դա զարգացնեինք, ավելի հղկեինք ու կատարելագործեինք, այդ ամենը վայր ենք նետել ու գնացել ենք այս կնճռոտ ճանապարհով»,- ցավով արձանագրում է ճարտարապետը։

Ըստ մասնագետի՝ արձանաշինության կարևորագույն բաղադրիչը միջավայրն է, ինչով էլ այն տարբերվում է սովորական քանդակից, որը ստեղծվում է հեղինակի արվեստանոցում։ Նույնիսկ հիասքանչ քանդակը, հայտնվելով ճարտարապետական այլանդակ միջավայրում, որտեղ չի զգացվում ճարտարապետի ձեռքը, կարող է խիստ տուժել։

Արձանի կերտման գործում ճարտարապետի դերը գերակշռող է՝ մասշտաբի, ֆոնի ու գույների համադրման տեսանկյունից։ Հենց սա է պատճառը, որ խորհրդային տարիներին նույն ստեղծագործողները թողնում էին արժեքավոր գործեր ու արժանանում համընդհանուր գնահատանքի։

«Իսկ այսօր նայում ես՝ հռչակավոր անուններ են, բայց եթե նույնիսկ ճարտարապետը նորմալ լինի, իրենց էլ միջավայր չեն տրամադրում․ այս քաղաքի ձեռք բերած միջավայրը հնարավորություն չի ընձեռում արվեստին։ Այստեղ ամբողջը կոմերցիոն փնթիության վրա է հենված, համատարած վայրի, փնթի վիճակ է։ Ֆրունզիկի արձանը բերել, տեղադրել են հասարակական զուգարանի կողքը՝ մի 10 մետր հեռավորության վրա»,- վրդովմունքը չի թաքցնում Դավիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ հավանություն են հայտնում՝ նայելով շատ ֆրագմենտալ։ Ճարտարապետն ինքը դեմ չէ ոչ վերացական, ոչ իրապաշտական ֆորմաներին, բայց պնդում է, որ արձանը պետք է ունենա հստակ ասելիք և ճիշտ ներկայացված լինի միջավայրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար