Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:00 24-02-2026

Ռուսական դեմոկրատիա․ հակառուս գործիչը դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արևմտամետ քաղաքական ուժերի թիվը շեշտակի աճել է։ Այս միտումը հասկանալի և տրամաբանական է, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմից, ինչպես նաև 2023-ին Արցախի լիակատար բռնազավթումից հետո, որը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների անգործության՝ փաստացի դիտորդության պայմաններում, հանրության լայն շերտերը ՌԴ-ին այլևս Հայաստանի դաշնակիցը չեն համարում։

Հիշյալ իրողությունը արևմտամետ ուժերի համար աշխատելու և ինքնադրսևորվելու լայն դաշտ է բացում, և նրանցից շատերը կարճ ժամանակում արժանանում են հանրության որոշակի շերտերի վստահությանը։ Այս ուժերի շարքում կարելի է դասել քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի առաջնորդած «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (ՀՇԿ), որը տարբեր, այդ թվում՝ Oragir.News-ի անցկացրած հարցումներով, հանրության շրջանում որոշակի աջակցություն ունի, շատերն անգամ որպես Հայաստանի հաջորդ վարչապետ տեսնում են հենց Գուրգեն Սիմոնյանին։

Ըստ «Վիքիպեդիայում» հրապարակված տեղեկատվության՝ ՀՇԿ-ն արևմտամետ և եվրոպամետ քաղաքական ուժ է։ Նշվում է, որ կուսակցությունն աջակցում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանը և եվրաինտեգրման խորացմանը՝ միառժամանակ աջակցելով Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը, հանդես է գալիս երկրում ռուսական ազդեցության վերացման օգտին, ինչպես նաև աջակցում է Ռուսաստանի գլխավորած բոլոր կազմակերպություններից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգին։

Գուրգեն Սիմոնյանը ևս հիշյալ արժեքների և գաղափարների կրողն է, որոնք պարբերաբար արտահայտում է իր հրապարակային խոսքում։ Օրինակ՝ 2024 թվականի հուլիսի 27-ին՝ Factor TV-ին տված հարցազրույցում, Սիմոնյանը իրավացիորեն քննադատել է Ռուսաստանի դերը Արցախյան երկրորդ պատերազմում՝ շեշտելով, որ «Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարձակվել է մեզ վրա»։ Նույն հարցազրույցում նա կոչ էր անում ռուսական բոլոր զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գործող ռուսամետ ուժերին մեղադրում երկրում իրավիճակն ապակայունացնելու, կառավարական շենքերի վրա հարձակվելու և իշխանությունը ապօրինի զավթելու փորձերի համար։

Սիմոնյանը տարբեր առիթներով նաև դեմ է արտահայտվել, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցի ռուսական հարթակում։ Նա իր հրապարակային խոսքում բազմիցս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2020-ից հետո ՌԴ-ն իր քաղաքականությամբ ավելի շատ սպասարկել է Ադրբեջանի շահերը, չի հակադրվել դրանց, այս երկրի հետ ունի ռազմավարական համագործակցություն, իսկ Հայաստանի նկատմամբ շարունակել է գաղութային քաղաքականություն վարել, հետևաբար՝ չի կարող անաչառ և անկողմնակալ միջնորդ լինել։

Վստահորեն կարող ենք պնդել, որ Գուրգեն Սիմոնյանի գործունեությանը ծանոթ քաղաքացիները կասկածի տակ չեն դնի այն իրողությունը, որ վերջինս արևմտամետ փորձագետ և քաղաքական գործիչ է, անկախ այն բանից համաձայն են նրա արտահայտած դիրքորոշումների հետ, թե ոչ։ Oragir.News-ը այս իրողությունը կասկածի տակ չէր առնի, եթե Հայ-ռուսական՝ Սլավոնական համալսարանի պաշտոնական կայքում չնկատեր, որ Գուրգեն Սիմոնյանն ավելի քան 11 տարի դասավանդում է հիշյալ բուհի կազմում գործող Միջազգային հարաբերությունների և սոցիալ քաղաքական գիտությունների ինստիտուտում, իսկ համալսարանը, գտնվում է Ռուսաստանի և Հայաստանի համատեղ իրավասության ներքո և ֆինանսավորվում է ինչպես Երևանից, այնպես էլ Մոսկվայից։



Առաջին հայացքից մտածեցինք, որ այստեղ ինչ-որ սխալմունք կա, քանի որ, մեր կարծիքով ևս, Սիմոնյանը չէր կարող դասավանդել այդ թվում Ռուսաստանի ենթակայության ներքո գործող և այդ երկրից ֆինանսավորվող համալսարանում, սակայն Գուրգեն Սիմոնյանի պաշտոնական կայքում՝ gurgensimonyan.com-ում, հրապարակված նրա կենսագրության մեջ ևս նշված է, որ նա դասավանդում է, Հայ-ռուսական համալսարանում․

Oragir.News-ը կապ հաստատեց Հայ-Ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Խոդերյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է բուհի ղեկավարությունը վերաբերվում այն հարցին, որ Գուրգեն Սիմոնյանի նման հակառուսական հայացքներ ունեցող գործիչն ավելի քան մեկ տասնամյակ դասավանդում է այնտեղ։

Ի պատասխան՝ Խոդերյանը նշեց, որ Գուրգեն Սիմոնյանը համալսարանի հիմնական դասախոս չէ, ավելին՝ նրա պայմանագրի ժամկետը ավարտվել է, և առաջիկայում այն չի երկարաձգվելու։ «Ինչ վերաբերում է Գուրգեն Սիմոնյանին, նա Ռուս-հայկական համալսարանի հիմնական դասախոս չէ։ Նա ներգրավվել էր ժամանակավորապես՝ մեկանգամյա պայմանագրով։ Պայմանագիրը ավարտվել է, և հետագա ներգրավումը չի նախատեսվում»,- ասաց նա։

Խոսնակն ընդգծեց նաև, որ համալսարանի ղեկավարությունը հետևում է կրթական գործընթացի ապաքաղաքականության սկզբունքին։ Նրա խոսքով՝ համալսարանում գործում է խարտիա, որը բացառում է համալսարանական միջավայրում դասախոսների, ադմինիստրացիայի և ուսանողների ներգրավումը քաղաքական գործունեության մեջ․ «Հետևաբար, ցանկացած հրապարակային հայտարարություն կամ գործողություն, որը կարող է հանգեցնել համալսարանի քաղաքականացմանը, գնահատվում է ծայրահեղ բացասաբար»։

Դիանա Խոդերյանից նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ համամասնությամբ է ֆինանսավորվում համալսարանը, արդյոք 2 հիմնադիրների առկայությունը նշանակո՞ւմ է 50/50 համամասնությամբ ֆինանսավորում։ Խոսնակը պարզաբանեց, որ համալսարանի ֆինանսավորումը չի իրականացվում 50/50 սկզբունքով։ «Ֆինանսավորման մոտավորապես 30 %-ը ձևավորվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեից։ Մինչև 10%-ը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ֆինանսավորման հիմնական մասը՝ ավելի քան 60%-ը, ապահովվում է համալսարանի սեփական արտաբյուջետային միջոցների հաշվին, որոնք ձևավորվում են համալսարանի կողմից իրականացվող գործունեության արդյունքում»,- մանրամասնեց նա։

Oragir.News-ը Գուրգեն Սիմոնյանից ևս փորձեց հետաքրքրվել, թե արդյոք հայ-ռուսական համալսարանում ավելի քան 1 տասնամյակ դասավանդելը չի՞ հակասում իր և իր առաջնորդած քաղաքական ուժի որդեգրած արժեքներին և ուղեգծին, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Եթե այս հրապարակումից հետո Գուրգեն Սիմոնյանը պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն հայտնի, ապա Oragir.News-ը պատրաստ է լսել դրանք և հրապարակել։ Բացի այդ, պատրաստ ենք Գուրգեն Սիմոնյանին հյուրընկալել մեր տաղավարում և հիշյալ հարցերը հարցազրույցի ձևաչափով քննարկել նրա հետ, եթե իհարկե վերջինս չի մերժի մեր հրավերը։

Հավելենք, որ նախորդ տարվա ընթացքում Սիմոնյանին մի քանի անգամ հրավիրել ենք հարցազրույցի, սակայն նրանից մերժում ենք ստացել։ Քաղաքական գործիչն այս մերժումները հիմնավորել է այն հանգամանքով, որ քաղաքական թիմում որոշում են կայացրել այլ լրատվամիջոցների հարցազրույց չտալ և զարգացնել սեփական Youtube-յան ալիքը։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան