«Կարդում եմ Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը: Կարդում ու մտածում եմ այն եպիսկոպոսների մասին, որոնք միացան Նիկոլ Փաշինյանի քաղաքական արշավին: Ի՞նչ են զգում ու մտածում նրանք, դառնալով այդ արշավի գործիք: Վստահաբար հայտարարությունը կլինեն կարդացած»:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հակոբ Բադալյանը:
«Բոլորովին զարմանալի չէ, որ նրանք կարող էին ունենալ դժգոհություն Գարեգին Երկրորդի կաթողիկոսությունից: Վստահ եմ, դրանից դժգոհություն կարող են ունենալ նաեւ այն եպիսկոպոսները, որոնք մասնակցել են ժողովին, ստորագրել են հայտարարությունը: Բայց նրանք մնում են Հայ Առաքելական եկեղեցու կողքին, ոչ թե կանգնում են նրա դեմ:
Չկա եկեղեցի, որտեղ բարձրաստիճան հոգեւորականության մի մասը չունի հակառակություն եկեղեցու գլուխ կանգնած հովվապետի հետ: Դա ինստիտուցիոնալ միջավայրի բնական երեւույթներից մեկն է:
Բայց ինստիտուտների ամրությունը հենց այն է, երբ ցանկացած հակառակություն մնում է գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակում, դուրս չի գալիս դրանից, ու չի քանդում ինստիտուտը, չի նպաստում ինստիտուտը քանդելուն:
Դա է նաեւ Պետությունը: Երբ պետական հարաբերությունները դուրս են Սահմանադրական կարգի շրջանակից, Պետությունը սկսում է քայքայվել ու քանդվել՝ երբեմն դանդաղ, անշտապ, շատերի համար աննկատ, երբեմն արագընթաց գահավիժման ռեժիմով:
Այդ հոգեւորականները դուրս չեն գալիս եկեղեցու դեմ, չեն գնում ՀԱԵ-ն քանդելու ճանապարհով, թեեւ վստահ եմ, որ նաեւ մարդկային հատկանիշների իմաստով նրանց մեջ կան գուցե ոչ պակաս շահապաշտերը, ինչպես «խոտորյալ» ությակի՝ որ հիշատակվում է հայտարարության մեջ:
Բայց, այդ ութը գնացին մի ճանապարհով, որը բացարձակապես Գարեգին Երկրորդի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ընտրության ճանապարհ չէ, ու դա շատ լավ գիտեն առաջին հերթին հենց նրանք: Եվ դա բացարձակապես պետականության ընտրության մասին ճանապարհ չէ: Նրանք դա էլ գիտեն թերեւս գերազանց: Դա Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման ընտրություն է, որը իբրեւ ընտրություն նույնիսկ իրենցն էլ չէ: Ի՞նչն է իրենցը: Վստահ եմ, նրանք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են իրենց իսկ տալու այդ հարցը, չգտնելով ոչ մի հուսադրող պատասխան»: