Սուրեն Պապիկյանը և այլ ՔՊ–ականներ վերջին շրջանում անընդհատ խոսում են Հայկական բանակի հզորացման մասին։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, գլուխ էր գովում, որ Հայկական բանակում առաջին անգամ հայտնվել են չօգտագործված Դ–30–ներ։
Ինքը՝ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, շարունակում է խոսել «շոշափելի արդյունքներից»։ Սակայն երբ տարածաշրջանը բառացիորեն վերազինվում է՝ միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ձեռք բերելով, հայկական բանակի «հզորացման» մասին հնչող հայտարարությունները բախվում են իրականության հետ։
Ուսումնասիրելով ՀՀ ՊՆ պետական գնումների փաստաթղթերից մեկը՝ պարզվում է, որ ՊՆ-ն նախորդ տարի գնել է 10 հազար աղոթագիրք (տես փաստաթուղթը)։ Եվ սա այն պայմաններում, երբ հանրությանը ներկայացվում է բանակի արդիականացման, պաշտպանական կարողությունների աճի ու ռազմավարական առաջընթացի պատկեր։

Ուշագրավ է, որ գնումը կատարվել է նախորդ տարի, երբ դեռ իշխող ուժը Փաշինյանի գլխավորությամբ հակաեկեղեցական պայքարի մեկնարկը չէր տվել, որից հետո եկեղեցու բարենորոգման օրակարգը հասավ նաև ՊՆ, որտեղ էլ դադարեցվել է եկեղեցու կողմից Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների գործունեությունը:
Ստացվում է հակասական պատկեր․ մի կողմից իշխանությունը փաստացի սահմանափակում է եկեղեցու ներկայությունը Զինված ուժերում, մյուս կողմից՝ նույն կառույցը պետական միջոցներով հազարավոր աղոթագրքեր է գնում։ Եթե բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվում է, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու այդ 10 հազար գրքերի հետ։
Հուսանք՝ 10 հազար աղոթագիրք գնելու մասին տեղեկության հանրայնացումը չեն համարի ռազմական գաղտնիքի հրապարակում, ինչն օրինակ առանց խորը մասնագիտական գիտելիքների էլ տեսանելի էր Պապիկյանի՝ բոլորովին վերջերս հրապարակած տեսանյութում, երբ, ցուց տալով իրականացված բարեփոխումները, ներկայացրել էր նաև զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները։
Հուսանք նաև, որ այս աղոթագրքերը ևս չօգտագործված են՝ Դ–30–ների նման։
Փաստենք մեկ բան․ բանակի հզորացումը չափվում է ոչ թե հայտարարություններով, այլ առաջնագծում զինվորի ձեռքում եղած հնարավորություններով։ Իսկ պետական գնումների այս փաստաթուղթը առնվազն հարցեր է առաջացնում՝ ինչն է այսօր ՀՀ ՊՆ-ի առաջնահերթությունը։