Ներքին 9 ամիս առաջ - 23:21 28-01-2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը վարչապետին ներկայացրել են կենտրոնի նորաբաց «Կյանքի սենյակ» սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությունը: Նշվել է, որ այստեղ բուժումը զուգորդվում է կենցաղային հմտությունների վերականգնմամբ։ Տղաներին սովորեցնում են հաշմանդամության հետ ապրել․ թուլացած մկանների և օրինակ՝ թուլացած վերջույթի պայմաններում հագուստի կոճակը կոճկել, արդուկ անել, խոհանոցում և լոգասենյակում ինքնասպասարկվել, սայլակից մեքենա տեղափոխվել և այլն: Վարչապետին ներկայացրել են նաև «Զինվորի տան» նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներն օրական 3 անգամ սնվում են: Սնունդը նույնպես, ինչպես և կենտրոնում մատուցվող բոլոր ծառայությունները, զինհաշմանդամների համար անվճար է:

Քաղաքացիական անձինք նույնպես կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից, բայց վճարովի հիմունքներով: Նպատակն է՝ քաղաքացիներից ստացված շահույթն ուղղել զինհաշմանդամների խնդիրների լուծմանը:

Վարչապետն այցելել է նաև «Զինվորի տան» վիրաբուժական բաժանմունք, որը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այստեղ վիրահատվում են թե՛ զինհաշմանդամներ, թե՛ քաղաքացիական անձինք: Քաղաքացիների վիրահատություններից ստացված շահույթը ևս ուղղվում է շահառուների խնդիրների լուծմանը:

Նշվել է, որ կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է պետության, բարերարների և «Զինվորի տան»՝ քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթից։
Վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Զինվորի տան» տոնական ճաշին: Պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները և նրանց ընտանիքները նույն սեղանի շուրջ են նստել վարչապետի հետ, շփվել և հնարավորություն ունեցել տալ իրենց հուզող հարցերը:

«Զինվորի տունը» բարեգործական ՀԿ է, որի առաքելությունը զինհաշմանդամների ֆիզիկական և սոցիալական վերականգնում է, նրանց՝ լիարժեք վերաինտեգրումն ու կյանքի որակի բարձրացումը: «Զինվորի տունն» ունի շուրջ 10 000 շահառու, նրանք զինվորական ծառայության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև խաղաղ պայմաններում վիրավորում ստացած անձինք են՝ սկսած 90-ականներից, մինչև մեր օրեր: «Զինվորի տունը» պետություն և հասարակություն համագործակցության լավագույն ստացված օրինակների մեկն է: Թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցները մշտապես օժանդակում են կենտրոնի անխափան գործունեությանը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք